Լուկաշենկոն խոստովանել է, որ կարոտում է ԽՍՀՄ-ը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ կարոտում է խորհրդային ժամանակները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ես ձեզ ավելին կասեմ: Ես ոչ միայն կարոտում եմ: Ես խորհրդային մարդ եմ: Մեծացել եմ այն երկրում»,- հայտարարել է Լուկաշենկոն Մինսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես միակ պատգամավորն եմ, որը մեր խորհրդարանում դեմ է քվեարկել Խորհրդային Միության փլուզմանը»,- հավելել է նա:
Ընդ որում՝ Լուկաշենկոն խոստովանել է, որ այդ տարիներին իրեն գրեթե հանել են կուսակցությունից: «Երկու խիստ նկատողություն: Քիչ էր մնում բանտ նստեցնեին: Ամեն ինչ էլ եղել է»,- ասել է նա:
«Ես դա նորմալ եմ համարում: Այժմ համակարգն ավելի լավը չէ: Կարելի է դարպասների ետևից հաչալ, կարելի է թքել նախագահի վրա, վիրավորել նրան և դրա համար ոչ մի բան քեզ չի լինի»,- ասել է Լուկաշենկոն:










