Լուկաշենկոյին 5 մլրդ դոլարի կաշառք են առաջարկել

16:37 • 11.10.13

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իրեն 5 մլրդ դոլարի կաշառք են առաջարկել էժան գնով «Բելառուսկալի» ընկերությունը վաճառելու դիմաց։ Այս մասին տեղեկացնում է Газета-ն։

 

«Ինձ 15 մլրդ են առաջարկել՝ 5-ն անձամբ ինձ, 10-ը՝ պետբյուջե»,-ասել է նախագահը Մինսկում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ։ Սակայն Լուկաշենկոն հրաժարվել է առաջարկն անողի անունը հրապարակել։

 

Նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ «Բելառուսկալիի» գինը գնահատվում է 30 մլրդ դոլար։

 

«Բոլորը ծիծաղում էին ու ասում, որ ես գժվել եմ։ Ըստ նրանց՝ «Բելառուսկալին» 30 մլրդ չարժեր, սակայն մի քանի օր անց Bloomberg-ը հայտարարեց, որ այն իրականում շատ ավելի թանկ արժե»,-ասել է Լուկաշենկոն։