Սախարովի մրցանակակիր Մալալա Յուսուֆզայը ցանկանում է Պակիստանի վարչապետ դառնալ
Կանանց իրավունքների համար պայքարող երիտասարդ պակիստանցի ակտիվիստուհի Մալալա Յուսուֆզայը Նյու Յորքում հայտարարել է, որ կցանկանար ղեկավարել Պակիստանի կառավարությունը՝ «երկիրը փրկելու» համար, հայտնում է Интерфакс-ը։
«Կարծում եմ՝ դա իսկապես հիանալի կլիներ, քանի որ դառնալով քաղաքական գործիչ՝ ես կարող եմ փրկել իմ երկիրը։ Ես կմեծացնեի կրթության համար տրամադրվող բյուջետային ծախսերը և կկենտրոնանայի արտաքին քաղաքականության վրա»,- ասել է նա։
CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է նաև, որ մեծ պատիվ կհամարեր Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալը։
Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչների նիստը Յուսուֆզային ընտրել էր որպես Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատություն» մրցանակի 2013թ. դափնեկիր։
Ակտիվիստուհուն համարում են նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի գլխավոր հավակնորդներից մեկը։ «Եթե ես ստանամ Խաղաղության Նոբելյան մրցանակ, դա ինձ համար մեծ պատիվ կլինի»,- ասել է աղջիկը։










