ԱՄՆ-ն անհանգստացած չէ Մոսկվա Սնոուդենի հոր այցով
ԱՄՆ-ն բացարձակապես անհանգստացած չէ նրանից, որ Լոն Սնոուդենն այցելել է Ռուսաստան և հանդիպել իր որդուն` ամերիկյան հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին։ Ինչպես հայտնում է «Էխո Մոսկվին», այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը:
Ըստ նրա` ԱՄՆ-ի իշխանությունները կենտրոնացած են միայն նրա վրա, որ հայրենիք վերադարձնեն Էդվարդ Սնոուդենին: Նա հերքել է նաև, թե Սնոուդեն ավագն ԱՄՆ-ի կառավարությունից որևէ ուղերձ է տարել որդուն:
Ըստ աղբյուրի` երեկ Մոսկվայում Սնոուդեն կրտսերի հետ չորս ամերիկացի պաշտոնյա է հանդիպել, ինչից հետո նրանք կտրականապես հերքել են, թե նա ռուսական հատուկ ծառայությունների վերահսկման տակ է գտնվում: Սակայն անվտանգության նկատառումներով պաշտոնյաները հրաժարվել են հայտնել, թե կոնկրետ որտեղ է բնակվում Սնոուդենը:
Երեկ ցերեկը Մոսկվա էր ժամանել Սնոուդենի հայրը, որը հարցազրույց էր տվել և ասել, որ հանդիպելու է որդուն:










