Սիրիայի ապստամբներն օգոստոսին 67 ալևիների են մահապատժի ենթարկել. զեկույց

11:58 • 11.10.13

Սիրիայի ապստամբ խմբերն օգոստոս ամսին առնվազն 67 մարդու են մահապատժի ենթարկել, 200 հոգու էլ պատանդ վերցրել ալևիների գյուղերից։ Այս մասին ասված է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցում՝ նշելով, որ դա պատերազմական հանցագործություն է, գրում է Agence France Presse-ը:

 

Ալևիները շիա իսլամի ճյուղից են, որին պատկանում է նախագահ Բաշար ալ-Ասադը:

 

Human Rights Watch-ն իր 105-էջանոց զեկույցը կազմել է տեղում կատարված հետազոտությունների և 35 հարցազրույցների հիման վրա։

 

Սպանված 190 խաղաղ բնակիչներից առնվազն 67-ը մահապատժի է ենթարկվել՝ համաձայն զեկույցի:
Մարդիկ դեռ պատանդ են գտնվում, նրանց մեծ մասը կանայք են և երեխաներ:

 

«Ապստամբ խմբերի կողմից իրականացված գործողությունների բնույթը ցույց են տալիս, որ դրանք համակարգված և պլանավորված են եղել՝ որպես քաղաքացիական բնակչության վրա հարձակման մաս: Որոշ դեպքերում, ապստամբները մահապատիժ են իրականացրել կամ սպանել են ամբողջ ընտանիքներ»,-ասվում է զեկույցում: