«Ես պաշտոնապես հրաժարվում եմ ամնիստիայից, բայց ինչո՞ւ չեք կիրառում օրենքը. Տիգրան Առաքելյան
Վերաքննիչ քրեական դատարանում՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության երիտասարդ ակտիվիստների գործով դատավարությունն այսօր բավական լարված անցավ. Տիգրան Առաքելյանը հայտարարեց, որ ինքը հրաժարվում է համաներումից, սակայն պահանջում է, որպեսզի դատարանը կիրառի օրենքը։
Մինչ այդ կողմերը ներկայացրեցին իրենց վերջնական ճառերը, ապա լսեցին գործում տուժող Շահեն Հարությունյանի նոր ցուցմունքները, որը դատարան էր հրավիրվել Տիգրան Առաքելյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը բավարարելուց հետո։
Տուժողի պատասխանները Տիգրան Առաքելյանին համբերությունից հանեցին, ով պնդում էր, որ Շահեն Հարությունյանը սուտ ցուցմունք է տվել և քանի որ արդեն չի հիշում ինչ է ասել, այսօր միայն կրկնում է, թե մանրամասները չի հիշում։
Տիգրան Առաքելյանը նույնիսկ հարցրեց, թե տուժողը չի ուզում արդյոք իրենցից ներողություն խնդրել՝ իր սուտ ցուցմունքների համար իրենց անտեղի երկու տարի ազատազրկելու համար։ Դատավորը հարցը տեղին չհամարեց և հորդորեց տուժողին, չպատասխանել։
Նշենք, որ նա հայտարարել էր, թե միջադեպի ժամանակ կորցրել է հեռախոսը, այնուհետև պարզվել էր, որ այդ նույն համարից նա զանգ է կատարել։ Շահեն Հարությունյանը առանց մանրամասները հիշելու՝ կրկնում էր, թե հեռախոսահամարը հետագայում արագ վերականգնել է։
Այնուհետև Մուշեղ Շուշանյանը կրկին միջնորդություն ներկայացրեց, որպեսզի Տիգրան Առաքելյանին խափանման միջոցը, որպես կալանք հանվի, հիշեցնելով, որ համաներման մասին որոշմամբ արդեն իսկ Տիգրան Առաքելյանը պետք է ազատ արձակվեր, ինչը սակայն դատարանն անտեսում է և արհեստականորեն պահում նրան անազատության մեջ։
Տեղի տվեցին նաև Տիգրան Առաքելյանի նյարդերը, ով սկսեց գոռգոռալ, թե իրեն անօրինական են պահում, ինչը ապացուցում է, որ ինքը քաղբանտարկյալ է։ Նա նշեց, որ դատարանը նույնիսկ անտեսում է Սերժ Սարգսյանի որոշումը, ինչից թեև ինքը պաշտոնապես հրաժարվում է։
«Ես պաշտոնապես հրաժարվում եմ անմիստիայից, բայց ինչո՞ւ չեք կիրառում օրենքը, ժամ երկար պահեք հա՞։ Ինչո՞ւ ձեր կուսակցության պահանջը չեք կատարում... ես թույլ չեմ տալիս, որ իմ նկատմամբ ամնիստիա կիրառվի։ Ես ազատ կարձակվեմ արդարությամբ, որը կհաստատվի այս դատարանում»,- հայտարարեց նա, որից հետո ստիպված էին նրան դուրս բերել դահլիճից։
Նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 14-ին։
Լուսանկարը՝ armenianow.am-ի










