Երևանը 2795 տարեկան է. երևանցիների անվերջ սիրո խոստովանությունը

11:01 • 12.10.13

Այսօր մայրաքաղաքի տոնն է, Էրեբունի-Երևանը դառնում է 2795 տարեկան: Tert.am -ը մայրաքաղաքի տոնի կապակցությամբ զրուցել է սիրված ու հայտնի երևանցիների հետ։



«Երևանն իմ ծննդավայրն է: Երևանի հետ են կապված իմ մանկության ու երիտասարդության ամենաքաղցր հուշերը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց դերասան Վարդան Պետրոսյանը, ապա շարունակեց սիրո իր խոստովանությունը Երևանին. «Երևանի հետ են կապված իմ դառը հուշերը, բայց այսօր ես արդեն այն տարիքում եմ, որ հիշում եմ հաճույքով: Որովհետև երիտասարդության հոգսերն էլ արդեն քաղցր են թվում մարդուն: Եվ հետո իմ երիտասարդությունը անցել է շատ բուռն և ես ապրել եմ Երևանում էն ժամանակներում, երբ ամեն ինչ լցված էր սիրով: Ես այնքան լավ եմ հիշում, ամեն ինչ գունեղ էր մեր կյանքում, նույնիսկ զրկանքներն էին գունեղ մեր կյանքում, ամեն ինչ մի տեսակ կարմիր էր, վարդագույն, երկնագույն … Թե երիտասա՞րդ էինք, սիրահարված էինք իրար… ես շատ կապված եմ եղել, ու գիտեք՝ ես միակը չեմ: Եթե իմ սերնդակիցներին հարցնեք, ովքեր ապրում էին Երևանում, չէինք կարողանում Երևանից երկար բացակայել, գնում էինք ծով՝ հազիվ 25 օր էինք դիմանում, վազելով հետ էինք գալիս: Ինչ-որ կախարդական բան ուներ քաղաքն իր մեջ:

 


Երևանի հիմնադիրները, նկատի չունեմ Արգիշտիին, որին չեմ ճանաչել, նկատի ունեմ էն մեծ-մեծ մարդկանց՝ Թամանյանն էր, Աճառյանն է, Քոչարը եկավ, Սարյանն էր, Կոստան Զարյանն էր, կարողացան ստեղծել հզորագույն հոգևոր մի մեծ կենտրոն, երևի նրանց ոգին էր շրջում Երևանում: Չգիտեմ՝ ինչ ուներ Երևանը:



Հետո Երևանն ապրեց էդ շատ դառը օրերը, ես Երևանից մեկնեցի, ասեմ, որ Երևանից շատ-շատ դառնացած, բայց ես իմ կապը երբեք չկտրեցի Երևանի հետ: Եվ իմ մեկնումը դարձավ անվերջ մի վերադարձ, անվերջ մեղքի մի խոստովանություն: Անվերջ սիրո մի խոստովանություն»:

 


Tert.am-ն ամիսներ առաջ զրուցել էր Լևոն Մալխասյանի հետ ։ Ներկայացնում ենք նրա մտքերը Երևանի մասին:
«Իմ կյանքի ընթացքում գրեթե չեմ բացակայել քաղաքից, Երևանին վերաբերվում եմ որպես իմ երեխայի: Երևանի բոլոր թերություններն էլ են իմը, նվաճումներն էլ: Ամենամեծ թերությունը, որ այսօր տեսնում եմ Երևանում, արտագաղթն է:
Էդ արտագաղթը ինձ վրա շատ ծանր ա ազդում, որովհետև երկու «պադյեզդ» երևանցի է մնացել»:

 

«Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Ես ծնվել եմ ոչ Երևանում, բայց ծնողներս երկու տարեկան հասակում բերել են Երևանի 2750- ամյակին: Իմ առաջին մուտքը Երևան եղել է շատ տոնական՝ ամենամեծ ու առաջին հոբելյանի ժամանակ, երբ Էրեբունու հետքերը հայտնաբերելուց հետո նշվեց Էրեբունի-Երևանի առաջին հոբելյանը՝ 2750- ամյակը:


Ես հիմա երկու անգամ ավել ապրել եմ Երևանում, քան իմ ծննդավայրում և կուզենայի, որ մենք՝ երևանցիներս, ապրենք այնպես , որ Երևանը չլինի լոկ երևանցիների քաղաք և նույնիսկ՝ Հայաստանի մայրաքաղաք չլինի, այլ լինի համայն հայության մայրաքաղաքը, որտեղ յուրաքանչյուր հայ, որտեղից ուզում է գա, իրեն զգա ինչպես տանը: Եվ իրեն զգա այն պետության քաղաքացի, որի հիմնական զարկերակը հենց Երևանն է»: