Փոխոստիկանապետը պատրաստակամություն է հայտնել Զ.Փոստանջյանի անվտանգության ապահովման հետ կապված
Tert.am-ը զրուցել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ՝ նրա՝ իր և իր ընտանիքի անվտանգության հետ կապված ՀՀ ոստիկանապետին դիմելու հարցի ընթացքի և ԵԽԽՎ-ում իր հայտնի հարցին հետևած գործընթացների վերաբերյալ:
-Տիկին Փոստանջյան, դիմել եք ոստիկանապետին՝ Ձեր և Ձեր ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար: Ի՞նչ պատասխան եք ստացել, ի՞նչ եք ակնկալում, որ պահպանության ուղեկցող անձինք տրամադրեն Ձեր ընտանիքին, Դուք ակնկալում եք, որ դա կրի է ժամանակավո՞ր բնույթ, թե ոչ:
-ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանն ինձ հետ հեռախոսազրույց է ունեցել և պատրաստակամություն հայտնել անվտանգության ապահովման վերաբերյալ: Ակնկալում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պատշաճ կարգով կիրականացնեն պետության վրա դրված պարտականությունները, այն է՝ անձի կյանքի և ֆիզիկական անվտանգության ապահովման պարտականությունը: Իհարկե, ցանկալի է, որ մեր երկրում անպատժելիությունը վերանա, և մենք հիշենք այս բռնաճնշման տարիները, որպես մեր պատմության հաղթահարված ընթացք:
-Դուք նշել էիք, որ Facebook-ով սպառնալից նամակներ եք ստանում, եղե՞լ են այլ դեպքեր, երբ Ձեզ ինչ-ինչ խողովակներով հաղորդվել են նման սպառնալիքներ նաև Եվրոպայում:
-Ոչ:
- Դուք համարո՞ւմ եք, որ քաղաքական հալածանքների եք ենթարկվում Հայաստանում՝ Ձեր արտահայտած խոսքի համար:
-Այո:
- Խաչիկ Ասրյանը նշել էր, որ ինքը փոխաբերական իմաստով է Ձեզ առաջարկել խարույկի վրա այրել՝ ոչ թե որպես Ժաննա դ՛Արկի, այլ Ռամիլ Սաֆարովի: Ձեր մեկնաբանությունը:
- Ասրյանի հայտարարությունը պարունակում է հանցակազմ և ՀՀ իրավապահ մարմինները պետք է համապատասխան ընթացք տան այդ հայտարարությանը:
- Դավիթ Հարությունյանն իր ասուլիսին հայտարարեց, որ Դուք երկու տարի առաջ, մեջբերում եմ՝ «էթիկայի առումով պակաս ոչ կոռեկտ», սակայն նույնքան սկանդալային հայտարարություն էիք արել Ստրասբուրգում՝ Սերժ Սարգսյանի վերաբերյալ, սակայն այն ժամանակ դա նման աղմուկ չբարձրացրեց: Համամի՞տ եք և ի՞նչ եք կարծում՝ այս անգամ ինչու նման աղմուկ բարձրացավ:
-Հարցը պետք է հղել աղմուկ բարձրացնողներին:
-Տիկին Փոստանջյան, Դուք երկուշաբթի օրը հայտարարեցիք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի հանձնաժողովը բացասական գնահատական է տվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի Ձեզ փոխարինելու քայլին, մինչդեռ Դավիթ Հարությունյանը մեզ հայտնել էր, որ Բրյուսելում, որտեղ այդ հարցը ևս քննարկվել է, հարցին ընթացք չի տրվել: Ի վերջո, կարո՞ղ եք ասել, Ձեզ ԵԽԽՎ կանոնակարգի հանձնաժողովից գրավոր պատասխան եկե՞լ է, ինչ՞ բովանդակությամբ և երբ: Ինչու եմ նշում՝ երբ, որովհետև Դուք այդ մասին հայտարարեցիք երկուշաբթի, այն դեպքում, երբ եկել էիք շաբաթ երեկոյան, իսկ մյուս օրը ոչ աշխատանքային էր:
-Ինչպես բազմիցս հայտնել եմ, երբ ԵԽԽՎ-ին կտրամադրեն պաշտոնական դիմում, ապա կտրվի պաշտոնական պատասխան: Հովիկ Աբրահամյանի կողմից պաշտոնական գործընթաց այս պահի դրությամբ նախաձեռնված չէ:
-Հետագայում Ձեզ փոխարինելը մեկնաբանվեց որպես վերադարձ Դոնթի սկզբունքներին: Ինչպե՞ս եք մեկնաբանում:
-Պետք է սպասել պաշտոնական գործընթացին:
- Նաև մամուլում այս օրերին գրվեց, որ ԵԽԽՎ կանոնակարգում պահանջները երկուսն են՝ որ ազգային պատվիրակությունը հավասարակշռված լինի գենդերային սկզբունքով՝ տղամարդ-կին հարաբերակցությամբ, և մյուսը՝ իշխանություն-ընդդիմություն և , հետևաբար, ըստ այդ մեկնաբանությունների, պատվիրակությունում բալանսը չի խախտվում, որովհետև ԵԽԽՎ -ում չկա «այլընտրանք» հասկացություն և հետևաբար, «Բարգավաճ Հայաստանի» հետ միասին պատվիրակությունում ընդդիմություն-իշխանություն հարաբերակցությունը պահպանվում է: Ձեր կարծիքը:
-Այսօրվա Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմի փոփոխությունը կփաստի, որ իշխանությունները խախտում են ստանձնած պարտավորությունները:
- Չեք ափսոսո՞ւմ այդ հայտարարության համար:
-Հայրենիքի ազատության և անկախության համար պայքարը հեշտ չէ: Այս պայքարը տարել են մեր նախնիները, այն փոխանցելով մեր սերնդին, մեր պարտականությունն է շարունակել պայքարը բոլոր ճակատներում: Ես հավատում եմ մենք արժանի ժողովուրդ ենք և ունենալու ենք ազատ, անկախ և միացյալ հայրենիք: Մեր երեխաները ազատությունների և արժանապատվության Հայաստանի քաղաքացիներ են լինելու:










