Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի ընտրությունները
Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Դևիդ Լիդինգտոնը հայտարարել է, որ իր երկիրը կիսում է Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդների նախնական զեկույցում արտացոլված անհանգստությունը, հայտնում է haqqin.az-ը։
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի համատեղ զեկույցում, բացի տեխնիկական պատրաստվածության մասին դրական արձագանքներից, լուրջ անհանգստություն է հայտնվում։
Նա նշել է, որ քվեարկության օրը եղել են բազմաթիվ խախտումներ։
«Դրական պահերից զատ, ես կիսում եմ նաև ԺՀՄԻԳ-ի անհանգստությունն առ այն, որ ընտրությունների անցկացման մակարդակը չի համապատասխանել Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին»,-ասել է նա։










