Ադրբեջանի պարտված թեկնածուն նոր ընտրություններ է պահանջում
Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրություններում պարտված Ջամիլ Հասանլին հանդես է եկել հայտարարությամբ՝ ոստիկանության կողմից իր ներկայացուցիչ Գյուլյագա Ասլանլըի ձերբակալության հետ կապված, գրում է haqqin.az-ը:
Հայտարարության մեջ ասվում է, որ իշխանությունների գործողություններն ուղղված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին իր մասնակցության համար խոչընդոտներ ստեղծելուն:
«Իշխանությունը, որն իրականացրել է վերջին տարիների ամենազանգվածային կեղծումները, այդ գործողությամբ վերահաստատեց օրենքի խախտումներին հավատարմությունը: Ես պահանջում եմ ԿԸՀ ներկայացված կեղծումներն ապացուցող փաստաթղթերի օբյեկտիվ և թափանցիկ հետաքննություն, չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները, նոր արդար և ազատ ընտրությունների անցկացում», - ասված է հայտարարության մեջ:










