Իրանի հետ դիվանագիտական «պատուհանը» լայն բացված է. Քերի

16:59 • 14.10.13

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, անդրադառնալով վերջին շրջանում ամերիկա-իրանական հարաբերություններում նկատված դրական տեղաշարժին, ասել է, որ միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանի հետ դիվանագիտական «պատուհանը» լայն բացված է։

 

«Միևնույն ժամանակ մեր աչքերն էլ են լայն բացված, ու ուշադիր հետևելու ենք Թեհրանի քայլերին»,- Al Arabiya-ն մեջբերում է Քերիի խոսքերը։

 

Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Քերին ևս մեկ անգամ ընդգծել է, որ պաշտոնական Վաշինգտոնը ցանկանում է խաղաղ ճանապարհով լուծել Իրանի վիճահարույց միջուկային ծրագիրը։ Սակայն պաշտոնյան նաև ասել է, որ «Իրանի խոսքերը պետք է համապատասխանեն գործողություններին»։

 

«Իրանի հետ բանակցային գործընթացում մենք հիշում ենք նաև Իսրայելի անվտանգության մասին։ Ուստի, լավ արդյունքի հասնելու համար բանակցությունները պետք է լինեն թափանցիկ ու հստակ»,-ասել է պետքարտուղարը։