Հյուսիսային Կորեան գերության մեջ է պահում Հարավային Կորեայի 516 քաղաքացիների
Հյուսիսային Կորեան գերության մեջ է պահում Հարավային Կորեայի 516 քաղաքացիների, որոնք գերեվարվել էին 1953թ. հուլիսին հրադադարի մասին պայմանագրի ստորագրումից հետո, որը վերջ դրեց Կորեական պատերազմին, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Ռենհափ» գործակալությունը։
Ազգային ժողովի պատգամավոր Չոն Բեն Գոկը միավորման հարցերով հարավկորեական նախարարության նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, համաձայն որի վերջին 60 տարիների ընթացքում Հյուսիսային Կորեայում գերության մեջ է հայտնվել 3.835 մարդ, և նրանցից միայն 3.319-ն է կարողացել տուն վերադառնալ։
Գերիների ընդհանուր թվից 457-ը ձկնորսներ են, 30-ը՝ զինծառայողներ և 11-ը՝ ուղևորատար ինքնաթիռի անձնակազմի անդամներ։
Պատգամավորն ընդգծել է, որ գերիների վերադարձը կարևոր է երկու Կորեաների միջև հարաբերությունների կարգավորման համար։










