Զորի Բալայանի նամակի քաղաքական մասը հակասում է ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների կամարտահայտությանը. Մասիս Մայիլյան

14:50 • 14.10.13

Հրապարակախոս Զորի Բալայանի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակը բաղկացած է երկու մասից՝ պատմական և քաղաքական, որի քաղաքական մասը հակասում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների կամարտահայտությանը:


Այս մասին Tert.am–ին հետ զրույցում ասաց ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը:

«Ինչ վերաբերում է քաղաքական հատվածին (նամակում տեղ գտած գնահատականների և դիրքորոշումների), ապա այն հակասում է իրենց պատմական հողերի մի մասի վրա երկու անկախ hանրապետություններ ստեղծած՝ Արցախի հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամարտահայտությանը»,- ասվում է Tert.am–ի գրավոր հարցմանը Մասիս Մայիլյանի պատասխանում:


Հիշեցնենք, որ Զորի Բալայանը սույն նամակում, ըստ էության, առաջարկում է վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին, երբ Ղարաբաղը ընդգրկված էր Ռուսաստանի կազմում:


Նա հնարավոր է համարում, որ Զորի Բալայանի՝ Վլադիմիր Պուտինին դիմելու պատճառը դարձել է, հեղինակի եզրակացությունը, թե ներկայիս պայմաններում ու իրավիճակում «Հայաստանը կարող է դիմակայել միմիայն որպես Ռուսաստանի Դաշնության մաս»:
 

Ինչ վերաբերում է բաց նամակի պատմական հատվածին, ապա ըստ Մասիս Մայիլյանի, «պատմական էքսկուրսը մեծ հետաքրքրություն կհարուցի Կովկասի ու հարակից տարածքների հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների մոտ»: