ՄԱԿ-ը հայտնել է Սիրիայի քիմիական զենքի հարցով բանագնացի անունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը գաղտնազերծել է ՄԱԿ-ի ու Քիմիական զենքի կիրառումն արգելող կազմակերպության (ՔԶԱԿ)՝ Սիրիայի զանգվածային ոչնչացման զենքի վերացման համատեղ առաքելության դեսպանի անունը։
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել հոլանդուհի Սիգրիդ Կաագի թեկնածությանը։
52-ամյա Կաագը պետք է վերահսկի մինչ 2014թ. հունիսի 30-ը Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման գործընթացը։ Առաքելության շրջանակներում Դամասկոս կուղարկվի փորձագետների 100 հոգանոց անձնակազմ։
ՄԱԿ-ի ու Խաղաղության Նոբելյան մրցանակակիր ՔԶԱԿ-ի համատեղ առաքելության շրջանակներում 60 փորձագետներ հոկտեմբերից սկսած արդեն զբաղվում են սիրիական քիմիական զինանոցի ոչնչացման գործով։










