Ռուսաստանին անհրաժեշտ են դաշնակիցներ. ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան

21:27 • 14.10.13

Tert.am-ի հետ հարցազրույցում ՌԴ-ում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան, Հարկային տեսչության նախկին պետ, ՀՀ նախկին ներքին գործերի փոխնախարար Սուրեն Սահակյանն անդրադարձել է վերջերս հաճախակի արվող հարցադրմանը, որ Մաքսային միությունում Հայաստանին չեն սպասում, ինչպես նաև հարցին, թե ինչ տնտեսական օգուտներ կունենա Հայաստանը` ՄՄ մտնելով:


-Պարոն Սահակյան, Դուք Մաքսային միության միանալու կողմնակից եք: Նկատենք, որ հայ հասարակությունը, մեղմ ասած, ոչ միանշանակ արձագանքեց ՌԴ և ՀՀ նախագահների համատեղ ասուլիսից հետո` Մաքսային միությանը միանալու հայտարարությանը:



- Համամիտ եմ, որ հայաստանյան հասարակությունը ոչ միանշանակ է արձագանքել այս հայտարարությանը: Բայց առաջարկում եմ մի կողմ թողնել հարցի զգացմունքային, բարոյական կողմերը և այն դիտարկել զուտ տնտեսական տեսանկյունից: Ոչ միայն տնտեսական, այլ  յուրաքանչյուր հարց վերլուծելիս պետք է դիտարկել «պլյուսները» և «մինուսները»: Դեռ Ռոբինզոն Կրուզոն էր անմարդաբնակ կղզում հայտնվելով` թղթի կտորի վրա գրանցել «պլյուսները» և «մինուսները»:

 

Ցավոք սրտի, Հայաստանում նման հստակ վերլուծություն` թվերով ու կոնկրետ սպասելիքներով, ոչ ոք չի արել: Բոլորը հիմնականում առաջ են քաշում այսպես կոչված` գազային հիմնավորումը կամ խոսում են ինչ-որ բարոյական արժեքների կամ կոռուպցիայի մասին, այն դեպքում, երբ Մաքսային միությունն առաջին հերթին տնտեսական երևույթ է, որը պետք է դիտարկել հետևյալ տեսանկյունից՝ այն Հայաստանին կբերի՞ օգուտներ և ի՞նչ օգուտներ:

 

Վերջերս Հայաստանում Լեհաստանի դեսպանը բավականին ակտիվ ելույթ ունեցավ` հայտարարելով, որ եթե Հայաստանը նախաստորագրի ԵՄ Ասոցացման համաձայանագիրը, մոտ ապագայում` երկու-երեք տարուց Հայաստանը տարեկան կունենա 150 միլիոն ԱՄՆ դոլարի օգուտ: Նշեմ, որ Մաքսային միություն մտնելուց հետո միայն գազից, որ կստանանք ձեռնտու գնով, միայն այդքան`150 միլիոն կմտնի Հայաստանի տնտեսություն, կունենանք 150 միլիոն դոլարի «պլյուս»: Իսկ եթե չենք մտնում Մաքսային միություն և գնում ենք եվրոպական, ըստ իս, անհայտ ուղղությամբ, ինչու՞ անհայտ, որովհետև Եվրոպա մեզ ոչ ոք դեռ չի ընդունում, իրենք բավականաչափ խնդիրներ ունեն Ռումինիայի, Հունգարիայի հետ, ապա ի հաշիվ նրա, որ Ռուսաստանից գազը գնում ենք այն գնով, որով նա վաճառում է Եվրոպային, ունենում ենք մոտ այդքան դոլարի «մինուս»: Եվ սա իրական, կոնկրետ «մինուս է»:


Կարծում եմ` ավելորդ չէր լինի դիտարկել, թե ինչ է մեզ տալիս Մաքսային միությունը աշխատանքային օրենսդրության տեսանկյունից: Բոլորին հայտնի է, որ մեծ թվով ՀՀ քաղաքացիներ աշխատում են Ռուսաստանում: Եվ ՄՄ մտնելուց հետո այդ քաղաքացիները կունենան բոլոր այն իրավունքները, որոնք ունեն Միության անդամ պետությունների քաղաքացիները: Սա շատ կոնկրետ է, կան փաստաթղթեր, պայմանագրեր: Խոսքը նաև նույն սոցիալական իրավունքների ու երաշխիքների մասին է:

 

Բերեմ մեկ-երկու օրինակ` աշխատանքի ընդունվելիս էլ ներգաղթային քարտեր լրացնելու կարիք չի լինի, կգնա, պարզապես ցույց կտա անձնագիրը, աշխատանքային պայմանագիրը և վերջ: Չի լինի ներկայիս գրանցման ռեժիմը: Այսինքն` եթե մտնում ենք, էականորեն թեթևացնում ենք այն մարդկանց կյանքը, որոնք միևնույն է`արդեն Ռուսաստանում են, իսկ եթե չենք մտնում` բարդացնում ենք: Եվ տրանսֆերները, որոնք մտնում են մեր երկիր, որոնք Հայաստանի տնտեսության համար էական սնուցում են, կկրճատվեն: Քանի որ Միության անդամ երկրները, որոնք Հայաստանին մոտ են մշակույթով, տեխնոլոգիապես, ծանոթ շուկաներով, քանի որ մեր ստանդարտները, որոնք թեև ամենաբարձրը չեն աշխարհում, բայց նորմալ են, այս երկրներում գտնում են իրացում: Այս ամենը կարելի է վերածել թվերի, և կցանկանայի, որ մեր տնտեսական, քաղաքական գործիչները, որոնք դեմ կամ կողմ են արտահայտվում Մաքսային միությանը, խոսեին թվերի լեզվով: Եվ մարդիկ, հասարակությունն այդ թվերը տեսներ:


Ինչ վերաբերում է հարցի գաղափարական կողմին՝ չեմ կարծում, որ ՄՄ անդամ երկրները` Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, չեն ձգտում իրենց երկրներում ունենալ համամարդկային արժեքներին, մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը, հակառուպցիոն խնդիրներին, վերաբերող բարձր ստանդարտները: Բոլորը դրանց ձգտում են և բոլոր գնում են դեպի դրանք, ուղղակի ամեն մեկն ունի իր ճանապարհը. չինացիներն իրենց ճանապարհն ունեն, լատինամերիկացիները` իրենցը, եվրոպացիները` հասել են դրան ու արդեն կարծես` հակառակ ուղղությամբ են ընթանում: Սա բավական բարդ գործընթաց է, բայց եթե երկրում չկա բարեկեցություն, ապա ոչ մի ժողովրդավարության, համամամարդային արժեքների մասին չարժե խոսել. քաղցած մարդը, հանապազօրյա հացի խնդիրը լուծել չկարողացող մարդը, իր և իր երեխաների առողջական խնդիրները հոգալ չկարողացող մարդիկ երբեք չեն բարձրացնում ժողովրդավարությանը, բարոյականությանը, համամարդկային արժեքներին վերաբերող խնդիրներ: Նրանք լուծելու են իրենց հանապազօրյա խնդիրները` բոլոր հնարավոր միջոցներով, որոնք միշտ չէ, որ ամենաբարոյական ու ազնիվ եղանակներն են:


-Չե՞ք բացառում տարբերակը, որ մեզ իրականում ոչ ոք չի սպասում Մաքսային միությունում: Շատ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ եթե չլիներ ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում, ապա Սերժ Սարգսյանի սեպտեմբերի երեքի հայտարարությունը չէր լինի:


- Ինչ վերաբերում է վերլուծաբաններին, ապա նրանց հիմնական մասը, ընդ որում` ողջ աշխարհում, այսպես ասենք, պատվիրված են այս կամ այն կենտրոնի կողմից: Անկախ, այսպես կոչված`մաքուր վերլուծաբանների թիվը շատ քիչ է, և աշխարհում գերակայության, էժան ռեսուրսների համար մղվող պատերազմի այս պայմաններում պետք է միշտ նկատի ունենալ` ո՞վ է այդ վերլուծաբանը, ո՞վ է եղել դրանից առաջ: Եվ շատ բնական եմ համարում, որ այս պայքարում կողմերից յուրաքանչյուրն օգտագործում է գաղափարախոսական, վերլուծական և մնացած ճակատները:


Հիմա անդրադառնանք, թե ինչ է նշանակում, որ «մեզ չեն սպասում Մաքսային միությունում»: Եկեք դիտարկենք Մաքսային միության ամենահզոր երկիրը` Ռուսաստանը, նրա դինամիկան: Բորիս Ելցինը իշխանությունը հանձնեց 20 մլրդ ռուբլիանոց պետական բյուջեով, Վլադիմիր Պուտինը տասը տարիների ընթացքում հասցրեց 500 մլրդ ռուբլու:


Ռուսաստանին անհրաժեշտ են դաշնակիցներ, աշխարհում առանց դաշնակիցների դժվար է: Ակնհայտ է, որ Հայաստանը Ռուսաստանի համար ոչ թե տնտեսական գործընկեր է, այլ աշխարհաքաղաքական: Հայաստանը Ռուսաստանին պետք է նրա համար, որ իրեն ավել վստահ զգա Հարավային Կովկասում, և Ռուսաստանը ցույց է տվել, որ այս տարածաշրջանը իր համար կենսական նշանակություն ունի: Այսինքն` Ռուսաստանը հետաքրքրված է, որպեսի Հայաստանը, որպես գործընկեր, լինի իր կողքին: Այդ դեպքում, ինչու՞ Ռուսաստանը պետք է մեզ չթողնի Մաքսային միություն: Ռեսուրսների տեսանկյունից Հայաստանը Ռուսաստանի համար ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում այն պատճառով, որ հենց Ռուսաստանն է ողջ աշխարհի համար հետաքրքիր որպես ռեսուրսային երկիր: Բոլոր ձգտում են ռուսական բնական պաշարներին և ցանկանում են դրանք ստանալ որքան հնարավոր է էժան: Նորից եմ կրկնում` ո՞րն է իմաստը:

 

-Այսինքն` Դուք բացառում եք հնարավորությունը, որ Հայաստանը ՄՄ չի մտնի:

 

-Ես բացառում եմ հնարավորությունը, որ եթե Հայաստանը ցանկանա մտնել Մաքսային միություն, Ռուսաստանը նրան կվանի: Եվ կարծում եմ, որ սա շատ հարմար իրավիճակ է այն առումով, որ դաշնակից կարելի է դառնալ նորմալ պայմաններում և այդ դաշնակցային համաձայնագրից ստանալ միանգամայն տրամաբանական դիվիդենտներ:

 

Մի հարց էլ` իսկ Եվրոպայի՞ ինչին ենք մենք պետք: Կարծեմ` տնտեսապես նրան էլ առանձնապես պետք չենք: Մենք, եկեք իրերը կոչենք իրենց անուններով, պետք ենք Եվրոպային, որպեսզի թուլացնենք Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերը: Եվ նրանից հետո, երբ ՌԴ-ն հետ մղվի այս տարածաշրջանից, մենք ոչ մի հետաքրքրություն չենք ներկայացնի Եվրոպայի համար:

 

-Պարոն Սահակյան, այսուհանդերձ Վրաստանը գնում է այլ` եվրոպական ճանապարհով:

 

-Վրաստանն ակնհայտորեն այս տարիներին առանձնանում է դրական միտումներով, և Վրաստանի իշխանությունները, ի հաշիվ արտերկրից եկող «բոնուսներից» ստացվող բարձր աշխատավարձերի, կարողանում են պետական համակարգի աշխատակիցների համար ապահովել նորմալ գոյություն և նրանից էլ` պահանջել ժողովրդի հանդեպ նորմալ վերաբերմունք:

 

Բայց եկեք նայենք Վրաստանի տնտեսությանը: Նրանք կորցրել են իրենց բրենդների շուկաները Ռուսաստանում, իսկ յուրաքանչյուր բրենդը նորից շուկա մտցնելու համար հսկայական գումարներ են պետք: Վրացական «Բորժոմը», դափնու տերևը, ցիտրուսային կուլտուրաները, գինիները և այլն, հիմա ռուսական շուկա չեն մտնում այն ծավալով, որ կարող էին: Ի՞նչն էր խանգարում Վրաստանին անել այն, ինչ հիմա է անում, մի կողմից` տնտեսապես զարգանալ և մյուս կողմից`անել այն, ինչ անում է իր չինովնիկների հետ` նրանց բարձր աշխատավարձեր տալ և պահանջել: Պահանջել հակակոռուպցիոն քայլեր, ժողովրդի նկատմամբ նորմալ վերաբերմունք: Ներքին մենթալիտե՞տն էր խանգարում… Հա, ստացան, ամեն տարի պետական ապարատի պահպանման համար հսկայական գումարներ են ստանում, իսկ եթե դրանք մի օր դադարե՞ն: Վրաստանի հասարակության կառուցվածքը ինչպիսի՞ն է: Նրանք ունեին քիմիական հավելումների ձեռնարկություն, Հունաստանը՝ այլումինի գործարան, այլ ձեռնարկություններ, բայց քանի որ ԵՄ-ն խստորեն վերահսկում է, հույներն այլևս ալյումինի գործարան չունեն, նրանք միմիայն լոլիկի արտադրությամբ պետք է զբաղվեն: Սրա արդյունքում փոխվում է հասարակության սոցիալական կառուցվածքը: Սա, ի դեպ, պետության զարգացման համար կարևորագույն խնդիր է: Երբ հայտարարվում է, որ Հայաստանը ծառայություններ մատուցող երկիր է, մենք կորցնում ենք մեր գիտական, ինժեներական, ներուժը և զբաղվում ենք միմիայն գյուղատնտեսությամբ և ծառայություններով`լեռնադահուկային սպորտ, զբոսաշրջություն, տեստորաններ: Բայց այս ճյուղերը երկրի հզորությունը չեն, և հասարակության ուժը որոշվում է առաջին հերթին իր ներսում առկա գիտական, բժշկական, շինարարական կադրերի, ըստ որում` որակյալ կադրերի ներուժով:
Մենք ԽՍՀՄ-ից անջատվեցինք` ունենալով հզոր ինտելեկտուալ, արհեստավարժ հասարակություն և քսան տարվա ընթացքում այն մսխեցինք: Ինչու՞, որովհետև այդ մարդիկ այսօր պահանջարկված չեն, նրանք գործազուրկ են:

 

-Իսկ ինչ է` Մաքսային միություն մտնելուց հետո պահանջարկվա՞ծ կլինեն:

 

-Իսկ ինչու՞ ոչ: Ես անգամ անվտանգության հարցը չեմ քննարկում, որ արդյո՞ք Եվրոպան երաշխավորում է մեր անվտանգությունը, ես զուտ տնտեսապես եմ նայում. ներդրումային առումով Հայաստանն իրենից հետաքրքրություն ներկայացնու՞մ է որևէ արտաքին ներդրողի համար: Թե՞ Ուկրաինան է ներդրումների առումով ավելի հրապուրիչ: Ի վերջո` ծով, էժան աշխատուժ, շատ մոտ` հեռահաղորդակցության ուղիներ և հսկայական շուկաներ, որտե՞ղ կգնա ներդրողը: Բայց նույնիսկ այնտեղ չեն գնում: Ասեմ, որ վերջերս հիմնական միտումը` Ռուսաստանում ու Չինաստանում ներդրումներն են: Իսկ մենք, հակառակը, փորձում ենք սրանից մեզ կտրել: Եվրոպական ներդողները գալու են Հայաստա՞ն, գործարաննե՞ր են կառուցելու, մեզ մոտ ինժեներների, գիտնականների նոր սերու՞նդ է հայտնվելու: Նրանք գնացի՞ն Վրաստան: Այնտեղ էլ ներդրումային դաշտը հիմնականում հյուրանոցային բիզնեսն է, ծառայությունների մատուցումը ծովափնյա շրջաններում, և հիմնական ներդրողն էլ Թուրքիան է:

 

Չմոռանանք, որ ՄՄ չմտնելու դեպքում, եթե մեզ մոտ կտրուկ բարձրանում են էներգակիրների սակագները, յուրաքանչյուր ներդրող սա հաշվի է առնելու: Եթե այն իր արտադրած ապրանքի ինքարժեքից բարձր է, ինչու՞ պետք գա մեզ մոտ: Երկիր, որն ունի հաղորդակցության խնդիրներ, ունի փակ սահմաններ, գտնվում է զինված հակամարտությունների առումով ռիսկային գոտում և այլն:

 

-Մի խոսքով`մեզ արեցին առաջարկ, որից Հայաստանը չէր կարող հրաժարվել:

 

-Իսկ ի՞նչն է մեզ խանգարում հրաժարվել: Եթե հրաժարվելու խնդիրն այն է, որ ցույց տաս, որ շատ հպարտ ես ու գերանկախ, ապա դա ոչ սթափ մոտեցում է, իսկ եթե դու հաշվարկում ես քո «պլյուսները», «մինուսները» և տեսնում, որ առաջիններն ավելի շատ են, ապա համաձայն եմ հարցի այն դրվածքի հետ, որ մեզ արել են առաջարկ, որից շատ դժվար էր հրաժարվել: