Տիգրան Առաքելյանը դատապարտվեց 3 տարի ազատազրկման ու դատարանի դահլիճից համաներմամբ ազատ արձակվեց (տեսանյութ)
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դատավճիռը կայացվեց. Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Եվա Համբարձումյանի գլխավորությամբ, 3 տարվա ազատազրկման դատապարտեց նրան։ Սակայն ակտիվիստը դատարանի դահլիճից համաներմամբ ազատ արձակվեց։
Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվիստ Տիգրան Առաքելյանը կալանավորված է՝ 2011 թ. օգոստոսին մայրաքաղաքի Խնկո Ապոր գրադարանի հարևանությամբ ոստիկանների հետ վիճաբանության ու ծեծկռտուքի արդյունքում: Նշենք նաև,որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն Tert.am-ին ասել էր, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ակտիվիստ, ներկայում կալանքի տակ գտնվող Տիգրան Առաքելյանը չի կարող «համաներվել», եթե որևէ հանցագործություն չի կատարել։
17։47
Դատարանը ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի պաշտպան Վահե Գրիգորյանի և ամբաստանյալներ Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի հայցը բավարարեց մասնակիորեն:
Ըստ վճռի Տիգրան Առաքելյանը իրեն առաջադրված մեղադրանքի ՀՀ ՔՕ-ի 316 2-րդ մասի 2-րդ կետով անմեղ ճանաչվեց, իսկ 58 հոդվածի երրորդ մասով դատապարտվեց 3 տարվա ազատազրկման:
Արտակ Կարապետյանը դատապարտվեց 2 տարի 11 ամսվա ազատազրկման, սակայն նա ևս ազատ արձակվեց համաներմամբ:
Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը դատապարտվեցին 1 տարի 11 ամսվա ազատազրկման, սակայն երկուսի նկատմամբ էլ դատարանը որոշում ընդունեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով։










