Տվերի բարեգործական հիմնադրամն ակցիա կանցկացնի Հայաստանի 3 քաղաքներում
Գթության քույր Եկատերինա Բակունինայի անվան Տվերի բարեգործական հիմնադրամի մասնակցությամբ հոկտեմբերի 14-16-ը Հայաստանի 3 քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Դիլիջանում, կանցկացվի «Անուններ, որոնք միավորում են քաղաքներ, երկրներ ու ժողովուրդներ» ակցիան, որը նվիրված է ռուս-թուրքական պատերազմի ավարտի 135-ամյակին, ինչպես նաև Սպիտակում և Գյումրիում երկրաշարժի 25-րդ տարելիցին։
Ինչպես հայտնում է РИА-Новости-ն, ակցիայի շրջանակներում տեղի կունենա Ռուսաստանի ամենաառաջին գթության քույրերից մեկի՝ Եկատերինա Բակունինայի մասին գրքի շնորհանդեսը, ինչպես նաև Հայաստանի բուժքույրերի՝ Բակունինայի անվան շքանշանով պարգևատրման արարողությունը։
Հիմնադրամի պատվիրակությունը գլխավորում է Տվերի մարզի մարդու իրավունքների հարցերով ներկայացուցիչ Վլադիմիր Բաբիչևը։
Այս տարի լրանում է ռուս-թուրքական պատերազմի ավարտի 135-ամյակը (1877-1878թթ.), ինչի շնորհիվ քրիստոնեական մի շարք ժողովուրդներ ազատություն ստացան 500-ամյա թրքական լծից։ Այս պատերազմի գլխավոր թատերաբեմերից մեկն Անդրկովկասն էր, որտեղ ռուսական զորքերը հայկական ու վրացական զորքերի հետ պարտության են մատնել թուրքերին՝ վերագրավելով Կարսը, հիշեցնում է աղբյուրը։
Ահա այս պատերազմի ժամանակ է ճանաչում ձեռք բերել տվերաբնակ գթության քույր Բակունինան։










