ԱՄՆ-ում ավանդական շքերթներով և համազգային գնումներով կնշեն Կոլումբոսի օրը

13:28 • 14.10.13

ԱՄՆ-ում այսօր տոնում են գլխավոր և ամենասիրելի ազգային տոներից մեկը՝ Կոլումբոսի օրը։ Միջոցառումները նվիրված են Քրիստափոր Կոլումբոսի՝ 1492թ. հոկտեմբերի 12-ին Կարիբյան ծովի Սան Սալվադոր կղզում հանգրվանելուն և ավանդաբար նշվում է հոկտեմբերի 2-րդ երկուշաբթի օրը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Սովորաբար, այս տոնն առավել ակտիվ նշում են ԱՄՆ-ի իսպանալեզու և իտալական համայնքները։ Դա պայմանավորված է Կոլումբոսի ծագմամբ, որի շուրջ մինչ այժմ վիճում են պատմաբանները. ըստ որոշ տվյալների՝ նա ծնվել է իտալական Ջենովա քաղաքում, իսկ այլ տվյալներով՝ իսպանական Կադիսում։

 

Տոնակատարության անբաժանելի մասն են կազմում շքերթները, որոնք անցկացվում են ԱՄՆ-ի բոլոր խոշոր քաղաքներում՝ Բոստոն, Ֆիլադելֆիա, Չիկագո, Սան Ֆրանցիսկո, Դենվեր։ Իսկ գլխավոր երթը և հիմնական տոնակատարությունները կանցկացվեն Նյու Յորքում։

 

Տոնական օրը, որպես կանոն, սկսվում է Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում Կոլումբոսի արձանի մոտ ծաղիկներ դնելու արարողությամբ։ Այնուհետ Մանհեթենի Հինգերորդ ավենյուում սկսվում է կառնավալ, որին մասնակցում են աշակերտներ, ոստիկաններ, հրշեջներ և Ազգային գվարդիայի զինվորներ։

 

Ամերիկացիների համար ևս մի զվարճանք են դառնում գնումները։ Կոլումբոսի օրը փոքր խանութներում և խոշոր առևտրային կենտրոններում զեղչերը երբեմն հասնում են մինչև 70%-ի։