ԱՄՆ-ն և ՌԴ-ն ցանկանում են արագացնել «Ժնև-2»-ը. հավանական ժամկետը նոյեմբերի կեսն է
Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված «Ժնև-2» համաժողովն ակնկալվում է իրականացնել նոյեմբերի կեսերին։ Այդ պայմանավորվածությունը հաստատել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը,ԱՄՆ պետքարտուղարն այսօր Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի հետ Լոնդոնում կայացած հանդիպումից հետո նշել է, որ այդ համաժողովն անհրաժեշտ է իրականացնել մոտ ապագայում։
«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է շտապ սահմանել ժամկետն ու սկսել աշխատանքը՝ նոր Սիրիա ստեղծելու համար»,-ասել է Քերին։
Նա նաև նշել է, որ կողմերը պատրաստ են համագործակցել համաժողովի անցկացման նպատակով։ Քերին ընդգծել է Սիրիայում անցումային կառավարություն ստեղծելու անհրաժեշտության մասին։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր իր հերթին հայտարարել էր, որ Մոսկվան կողմ է արտահայտվում «Ժնև-2»-ի շուտափույթ իրականացմանը, քանի որ դրա ուշացումը ձեռնտու է ծայրահեղականներին։
Լավրովի խոսքով՝ իրական վտանգ կա, որ ծայրահեղականները Սիրիայում մի շարք շրջաններ կգրավեն։










