Վոլոդյա Ավետիսյանի դատը հետաձգվեց. փաստաբանը նրան անազատության մեջ պահելը անհիմն է համարում
Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատը հետաձգվեց: Ինչպես Վերաքննիչ դատարանի դիմաց հայտարարեց նրա փաստաբան Արա Զաքարյանը, դատարանը որոշում է կայացրել, որ դատին անպայման պետք է մասնակցի նաև քննիչը, և քանի որ այսօր նա ներկա չէ, այդ պատճառով դատը հետաձգվեց:
«Անհասկանալի է, թե նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը որն է, քանի որ նա ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, ոչ մի փաստաթղթի չի ծանոթացել, իսկ դատական նիստը ձգձգելը անհիմն է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է համաներման ակտի կիրառմանը, փաստաբանը նշեց, որ այն տարածվում է Վոլոդյա Ավետիսյանի վրա, վերջինս էլ առարկություններ չունի դրա շուրջ, բայց դա չի նշանակում, որ ինքը ընդունում է մեղքը: «Պաշտպանական կողմը չի առարկում, որպեսզի այդ ձևով Վոլոդյա Ավետիսյանն ազատվի»,- ասաց Արա Զաքարյանը:
Դատական նիստի հետաձգման վերաբերյալ Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկեր Տիգրան Հարությունյանը հայտարարեց. «Հայտարարեցին, որ աշխատանքային ժամը վերջացել է, տեղափոխեցին այսօրվա վրա, այսօր հայտարարեցին, թե քննիչը չկա, տեղափոխեցին վաղվա վրա, թե վաղը ինչ կանեն, դա էլ վաղը կիմանանք, բայց իրենք նահանջի տեղ չունեն, մենք հավաքվելու ենք ամեն օր այստեղ և բարձրացնելու մեր բողոքի ձայնը»:










