Մեզ այսպիսի արդարադատություն պետք չէ, ո՛չ շնորհակալ ենք, ո՛չ գնահատելու ենք. Լևոն Զուրաբյան

18:59 • 14.10.13

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելուց հետո, այսօր Վերաքննիչ քրեական դատարանի առջև հավաքված մի խումբ քաղաքացիների առջև ելույթ ունենալով՝ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ իրենք կայացված վճռից ուրախանալու առիթ չունեն, քանի որ այն անարդարության վճիռ էր:

 


«Մեր բոլոր տղաները այսօր ազատության մեջ են ու շարունակելու են իրենց պայքարը: Իսկ դատարանը ոտնահարել է արդարադատության բոլոր նորմերը ու նորից մեղավոր ճանաչել տղաներին: Մեզ այսպիսի արդարադատություն պետք չէ, ո՛չ շնորհակալ ենք, ո՛չ գնահատելու ենք: Այսպիսի արդարադատությունը համարելու ենք դատապարտված»,- ասաց նա:

 


Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանից համաներմամբ ազատ արձակվեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ով կալանավորված էր 2011 թ. օգոստոսին մայրաքաղաքի Խնկո Ապոր գրադարանի հարևանությամբ ոստիկանների հետ վիճաբանության ու ծեծկռտուքի արդյունքում: Նշենք, որ նրա հետ ազատ արձակվեցին նաև մյուս երեք ամբաստանյալները, որոնցից Արտակ Կարապետյանի նկատմամբ ևս կիրառվեց համաներում, իսկ Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ դատարանը որոշում ընդունեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով։

 


Ըստ Լևոն Զուրաբյանի այս դատավարությունը, շնորհիվ ամբաստանյալի աթոռին նստած ՀԱԿ անդամ տղաների, վերածվեց ռեժիմի նկատմամբ դատավարության:

 


«Դատավարության ընթացքում ամբաստանյալի նստարանին նստած էին Սերժ Սարգսյանը, դատավոր Եվա Համբարձումյանը, դատախազը: Դատավարության ընթացքում տղաները ապացուցեին, որ իրական հանցագործները այս վերոհիշյալ մարդիկ են: Նրանք կարողացան անել այն, ինչ ժամանակին կարողացել են անել լրջագույն քաղաքական գործիչները»,- ասաց նա և կոչ արեց բոլորին այսօր ժամը 18-ին լինել Սարյանի արձանի հարակից տարածքում՝ զրուցելու Տիգրան Առաքելյանի հետ և նշելու նրա ազատ արձակումը:

 


Թեև Տիգրան Առաքելյանը սկզբում հրաժարվեց այսօր լինել այնտեղ, քանի որ նա ցանկանում էր սպասել Վոլոդյա Ավետիսյանի ազատ արձակմանը, սակայն ի վերջո համաձայնեց այնտեղ գնալ: