Արցախը ՌԴ կազմ մտցնելու անմիջական խնդրանք նամակում չտեսա. Արման Մելիքյանը՝ Զորի Բալայանի նամակի մասին
Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահին ուղղված նամակում Արցախը Ռուսաստանի կազմ մտցնելու վերաբերյալ անմիջական խնդրանք կամ պահանջ չի նկատել:
Tert.am-ի հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե այդ նամակում վտանգավոր կետեր տեսնո՞ւմ է, Արման Մելիքյանն ասաց, որ նամակն այլ շեշտադրումներ է պարունակում:
«Վտանգն, անշուշտ, անձնապես պարոն Բալայանի մտորումներից ու մտահոգություններից չի բխում: Մեր քաղաքական մտածողության մեծագույն բացն այն է, որ 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած ընդունակ չենք գտնվել ազգային խնդիրների լուծման արդյունավետ ծրագիր մշակել»,– ասաց Արման Մելիքյանը:
«Մեծ հաշվով, պարոն Բալայանը պարտաճանաչորեն կրկնում է այն բազմաթիվ թեզերը, որոնց միջոցով անվերջ փորձել ենք «բացատրել» Ռուսաստանին իր անելիքը: Այս անգամ կոնկրետ հասցեատերն է հարաբերականորեն նոր մարդ: Ռուսաստանը շատ ավելի է տեղեկացված Հարավային Կովկասի գործերից, քան թվում է և, սովորաբար, երբեք ինքը ափսոսանք չի արտահայտել իր կողմից վարած քաղաքականության գործնականում ստացված արդյունքների համար»,– ավելացրեց ԼՂՀ նախկին արտգործնախարարը:
Արման Մելիքյանը կարծում է, որ «ռուսաց թագավորին» նամակ գրելու հայկական քաղաքական ավանդույթին վերջ կտրվի, երբ սովորենք առանց բաց նամակներ գրելու լուծել երկրի առջև կանգնած խնդիրներն, ու ամեն ոք իր տեղն ու անելիքն իմանա:










