Բակո Սահակյանը մասնակցել է հայության 3-րդ համաժողովի նիստին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Եվրոպական խորհրդարանում մասնակցել է Եվրոպայի հայության 3-րդ համաժողովի երկրորդ նիստին և հանդես եկել ելույթով, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Բակո Սահակյանն անդրադարձել է Արցախի պետականաշինության գործընթացին, ԼՂՀ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին:
Նախագահի բնութագրմամբ՝ Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը խիստ պահանջված է ինչպես Եվրոպայի հայկական կազմակերպությունների, այնպես էլ Արցախի համար:
ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտն անկեղծորեն շահագրգռված է Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացման ու խորացման մեջ՝ եվրոպական պետությունները դիտարկելով որպես բարեկամ երկրներ:
Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Եվրախորհրդարանի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:










