Չինաստանի օդանավակայանում ռումբ պայթեցրած հաշմանդամը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել

10:16 • 15.10.13

Չինաստանի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել սայլակին գամված հաշմանդամ Ցզի Չժունսինին, որը 2013թ.-ի հունվարին ինքնաշեն ռումբ է պայթեցրել Պեկինի օդանավակայանում, տեղեկացնում է Lenta.ru-ն։

 

32-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել պայթյունը նախապատրաստելու համար։


Ցզին նման քայլի է դիմել, երբ տրանսպորտային հանգույցի աշխատակիցներն արգելել են իրեն թերթիկներ փակցնել՝ իր դրության վրա ուշադրություն հրավիրելու համար։

 

Պայթյունի միակ տուժածը եղել էր հենց Ցզին։ Նրա փաստաբանը պատմել է, որ պայթուցիկ սարքն անհրաժեշտ է եղել միայն ուշադրություն գրավելու համար, իսկ պայթյունը տեղի է ունեցել թյուրիմացաբար։

 

Ազատազրկվածի խոսքով՝ ինքը վաղուց արդարության է փորձում հասնել։ 2005թ.-ին նրան ծեծել է ոստիկանը, ինչի հետևանքով էլ ինքը հաշմանդամ է դարձել։

 

Ցզիի դատավարությունը հանրային մեծ արձագանք է գտել։ Ոմանք կարծում են, որ օդանավակայանում ռումբ պայթեցրած անձն անկախ ամեն ինչից պետք է դատապարտվի։ Ոմանք էլ կարծում են, որ Ցզիի այդ ակցիան միակ միջոցն է եղել իրավունքները պաշտպանելու համար։