Կորեացի լուսանկարիչն Իրանում ազատազրկվել է լրտեսության մեղադրանքով

10:29 • 15.10.13

Երեքշաբթի օրն իրանական դատարանը վճիռ է կայացրել Հարավային Կորեայի քաղաքացու դեմ` գաղտնի օբյեկտները լուսանկարելու համար դատապարտելով 7 տարվա ազատազրկման, հայտնում է «Վզգլյադ»-ը:

 

Ձերբակալությունից երկու օր անց Իրանը տեղյակ էր պահել Հարավային Կորեայի ԱԳՆ-ին, որ Կիմ անունով 44-ամյա կորեացու է ձերբակալել 2012-ի հոկտեմբերին: Կիմին պետական անվտանգության օբյեկտները լրտեսելու մեղադրանք էր ներկայացվել: Նա, մասնավորապես, լուսանկարել էր ոստիկանության բաժիններ, օտարերկրյա դեսպանատներ, ռազմական օբյեկտներ և սահմանապահ կետեր:

 

Ըստ իրանական կողմի՝ կորեացին այդ լուսանկարները պետք է փոխանցեր այլ պետության հատուկ ծառայությունների:

 

Լուսանկարիչը հայտնել էր, որ մշտական աշխատանք չունի, սիրում է ճամփորդել ու լուսանկարել: Նա իրեն մեղավոր չի ճանաչել, պնդել է, որ սովորական զբոսաշրջիկ է:


Հարավային Կորեան բանակցում է իր քաղաքացուն ազատ արձակելու համար: