Լոնդոնում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ադրբեջանցի և թուրք է ձերբակալվել
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է 4 կասկածյալի, որոնք պլանավորում էին ահաբեկչություն իրականացնել։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ բրիտանական The Guardian-ին հղումով, ձերբակալվածների թվում են ադրբեջանցի ներգաղթյալ՝ Բրիտանիայի 28-ամյա քաղաքացի, ինչպես նաև ներգաղթյալներ՝ Թուրքիայից, Ալժիրից և Պակիստանից։
Երկուսը ձերբակալվել են մայրաքաղաքի արևելքում՝ Օլդգեյթ շրջանում, երբ ոստիկանությունը կանգնեցրել է նրանց մեքենան։ Ձերբակալվել են Բրիտանիայի քաղաքացի երկու ներգաղթյալներ՝ մեկը Թուրքիայից, մյուսը՝ Ալժիրից։ Եվս մեկ կասկածյալ՝ Բրիտանիայի 28-ամյա քաղաքացի՝ ադրբեջանական ծագումով, ձերբակալվել է մայրաքաղաքի արևուտքում, իսկ պակիստանցի ներգաղթյալը՝ Լոնդոնի հարավ-արևելքում։
Guardian-ի տվյալներով՝ ձերբակալվածներն ահաբեկչություններ են պլանավորել՝ Նայրոբիում և Մումբայում տեղի ունեցած ահաբեկչությունների նման։
Սեպտեմբերի վերջին Քենիայի մայրաքաղաքում ահաբեկիչներն առևտրի կենտրոնում սպանել էին 67 այցելուի, իսկ 2008թ.-ին Հնդկաստանի Մումբայ քաղաքում ահաբեկիչների կողմից սպանվել էր 164 մարդ։










