Բացվեց «ArmProd EXPO 2013» գյուղատնտեսական ցուցահանդեսը, որին մասնակցեց նաև ՀՀ նախագահը (լուսանկարներ)
Մրգեր, բանջարեղեն, անասուններ, չիր ու չամիչ, գաթա և գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ զանազան մեքենաներ. այս բոլորն այսօր ներկայացված էին «ArmProd EXPO 2013» ցուցահանդեսին, որն անցկացվում էր Մերգելյան ինստիտուտի շենքում և բակում: Ցուցահանդեսին, բացի մի շարք պաշտոնյաներից՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար, Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահից, մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջեց մի շարք տաղավարներով: Իսկ ներկայացված տաղավարներն ավելի քան 50-ն էին, որոնց մեջ ընդգրկված էին Հայաստանի բոլոր մարզերն ու մի շարք ընկերություններ:
Արմավիրի տաղավարը ներկայացնող մարզի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը նշեց, որ չնայած մայիսին տեղացած կարկուտին, որը մեծ վնաս հասցրեց Արմավիրի 46 համայնքներին, մարզը գյուղմթերքի պակաս չունի:
«Եթե չլիներ կարկտահարությունը, մեր մարզը աննախադեպ աճ էր գրանցելու բոլոր ոլորտներում: Տուժել են 11 հազ. հողատարածություններ, բայց կառավարության աջակցությամբ որոշ մշակաբույսերի գծով նույնիսկ անցած տարվա համեմատ աճ ենք գրանցել: Վնասները 25 մլրդ-ից ավելի են: Մեր գյուղացին փոխհատուցում չէր էլ սպասում կառավարությունից, հատկապես՝ նման մեծ ծավալի, բայց փոխհատուցում տրված է: Իհարկե, ամբողջությամբ հնարավոր չէր փոխհատուցել»,- ասաց նա և ավելացրեց, որ իրենք ներկայումս մթերման առումով խնդիրներ չունեն՝ տարվա ընթացքում 10 հազ. տոննա պտուղ-բանջարեղեն են տեղի մթերողներին հանձնել, ինչպես նաև 48 հազ. տոննա խաղող:
«Արզնի» ընկերությունը ցուցահանդեսին ներկայացրել էր կովեր ու ցուլեր, որոնք, ըստ ընկերության տոհմային տնտեսության տնօրեն Գեղամ Ջամիլյանի, բերվել են Ավստրիայից, սակայն այսօր դրանք վարժեցվել են Հայաստանի բնակլիմայական պայմաններին:
«Սրանց կաթնատվությունը և մսատվությունը ի տարբերություն տեղականների, բարձր է: Սնվում են հասարակ խոտով և մի քիչ հատիկով, որը չի պարունակում ավելորդ նյութեր: Նման անասուններ չկան ամբողջ Անդրկովկասում, իսկ մենք կարողանում ենք բուծել այս տեսակը: Նպատակը մեկն է՝ երկրում հոտի բարելավում իրականացնել»,- ասաց նա:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդգծեց, որ այս տարի ևս ոլորտը աճ է գրանցելու, սակայն տարին դեռ չավարտված դժվար է ասել, թե այն քանի տոկոս կկազմի:
«Ձգտում ենք, որ բարձր տոկոսով փակենք տարին, բայց դրական տեղաշարժեր կան: Տարեց տարի բարի ավանդույթ է դարձել տարվա վերջում ցուցադրել մեր ունեցածը, ամփոփել տարին: Մենք մեծ հեռանկարներ ու հնարավորություններ ունենք՝ ինչպես ծավալների, տեսականու, որակի նաև արտահանման համար: Կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկել. արտահանմանը միտված քաղաքականություն ենք վարելու»,- ասաց նա:










