«5000 դրամանոց բոմժե՛ր, հեռացե՛ք». Փակ շուկայի «պաշտպանները»՝ ակտիվիստներին (տեսանյութ)
Ինչպես նախորդ օրերի ցույցերին, այսօր նույնպես «Փակ շուկայի» համար երկթև բողոքի ակցիան ավարտվեց շուկայի «պաշտպանների» «հաղ-թե-ցինք, հաղ-թե-ցինք…» վանկարկումներով:
Մինչ այդ, երբ շուկայի վերակառուցմանը դեմ ակտիվիստները հերթական անգամ հայտարարում էին, որ շուկայի պատմամշակութային տեսքի աղճատմամբ ապօրինություն է տեղի ունեցել, «պաշտպան» կանայք վանկարկում էին. «5000 դրամանոց բոմժե՛ր, հեռացե՛ք»:
Ակտիվիստ Գևորգ Սաֆարյանն այդ ընթացքում անդրադարձավ նաև «Փակ շուկայի» հարևանությամբ գտնվող խանութների խնդիրներին՝ ասելով. «Խանութները կանգնել են փակման եզրին, սա՞ է ձեր բացած աշխատատեղերը: Նրանք չգիտեն, թե ինչ բան է պատմություն և մշակույթ»:
Երբ ակտիվիստները հեռացան շուկայի տարածքից, շուկայի որպես սուպերմարկետ վերաբացման կողմնակից կանայք էլ հանդարտվեցին, նրանց մոտեցավ դեռ նախորդ ցույցերից որպես այդ թևի համակարգող աչքի ընկած մի տղամարդ և ասաց. «Լավ, ժողովուրդ ջան, մեր սուրը փառքով դրեցինք պատյան, հիմա գնացեք, տան գործերով զբաղվեք մինչև վաղը»: Այդ խոսքերին էլ հետևեց կանանց պատասխանները. «Մենք միշտ էլ մեր սուրը փառքով ենք պատյան դնում»:










