Ռուսաստանում աճում է էթնիկ լարվածությունն ընդդեմ ներգաղթյալների. The Washington Times
Ամերիկյան հեղինակավոր The Washington Times պարբերականն անդրադարձել է Ռուսաստանում վերջին շրջանում նկատվող էթնիկ լարվածության թեմային՝ գրելով, որ «դա վտանգավոր ազդակ է նախագահ Վլադիմիր Պուտինի համար»։
Հոդվածագիր Մարկ Բենեթսի անդրադարձը թարգմանաբար ներկայացրել է ռուսական InoPressa կայքը։
Հեղինակը նկատում է, որ նախագահը փորձում է զսպել օրերս մոսկովյան Բիրյուլևո շրջանում տեղի ունեցած սպանության դեպքից զայրացած ազգայնականներին (25-ամյա երիտասարդի սպանության կասկածյալն է ադրբեջանցի Օրհան Զեյնալովը-Tert.am), որոնք դուրս էին եկել բողոքի ցույցի։
«Սա դեռևս քաղաքացիական պատերազմ չէ, բայց Բիրյուլևոյում մենք ականատես ենք լինում ժամանակի ընթացքում կուտակված ատելության դրսևորման առաջին լուրջ դրվագին, ինչը տեղի է ունենում զանգվածային անկարգությունների տեսքով»,-Բենեթսը մեջբերում է ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Միլովի խոսքերը։
Ինքը՝ հոդվածագիրը, գտնում է, որ «էթնիկ լարվածության տարածումը գլխացավանք է Կրեմլի համար»։
«Ավելի վաղ Պուտինն ինքն իրեն անվանում էր «ռուս ազգայնական», իսկ անցած տարի էլ խոսք է տվել պայքարել իրենց ագրեսիվ ու ռուս ժողովրդի ավանդույթների նկատմամբ անհարգալից պահող ներգաղթյալների դեմ»,-շարունակում է հեղինակը՝ նկատելով, որ «թեև նախկինում Պուտինը վայելում էր ազգայնականների աջակցությունը, այնուհանդերձ այժմ նրանք նախագահին «դավաճան» են համարում՝ երկիր ներգաղթյալների չափից ավելի մեծ ներհոսքը թույլ տալու համար»։
«Ամեն դեպքում Պուտինը հրաժարվում է վիզային ռեժիմ սահմանել նախկին խորհրդային պետությունների համար, չնայած որ ռուսների 84%-ը կողմ կլիներ դրան»,-շարունակում է հոդվածագիրը՝ մեջբերելով այս հարցի վերաբերյալ Պուտինի տված պատասխանը.«ԱՊՀ երկրների հետ վիզային ռեժիմի սահմանումը կնշանակի, որ մենք վանում ենք մեզանից այդ երկրներին։ Իսկ մեզ նրանց մոտեցնել է հարկավոր, այլ ոչ թե վանել»։
Վերադառնալով լարվածության հարցին՝ Բենեթսը մեջբերում է իրավապաշտպան Սվետլանա Գաննուշկինայի տեսակետը, ըստ որի՝ «ազգայնականները շահարկում են այս թեման, իսկ մարդիկ էլ, իշխանություններից հոգնած ու դժգոհ, իրենց զայրույթը թափում են այս թույլ օղակի վրա»։










