Բեռնար Ֆասյեն ԱՄՆ-ին և Ռուսաստանին առաջարկել է փոխել ԼՂ հարցում իրենց քաղաքականությունը

14:13 • 18.10.13

Բրյուսելում հոկտեմբերի 14-15-ին կայացած Եվրոպահայերի երրորդ երկօրյա համագումարին մասնակցել և զեկույցով հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիացի արդեն նախկին համանախագահ Բեռնար Ֆասյեն, ով իր ելույթում կոչ է արել թե՛ Ռուսաստանին, և թե՛ Միացյալ Նահանգներին Արցախի հարցում փոխել իրենց քաղաքականությունը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով համագումարից մանրամասներ ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ներկայացրեց Ֆասյեի կոչը՝ ուղղված երկու գերտերություններին։

«Բեռնար Ֆասյեի մասնակցությունն էր կարևոր, ով շատ հետաքրքիր և կարևոր հարցեր բարձրացրեց համագումարի երկրորդ օրը, որն անց էր կացվում Եվրախորհրդարանում։ Նա խոսեց իր պատկերացումներից Ղարաբաղյան կոնֆլիկտի հարցով և շեշտեց, որ Արցախը ուղղակիորեն պետք է մասնակցի բանակցություներին, և համանախագահների կողմից ներկայացված փաթեթի շուրջ էլ շարունակվի բանակցությունները։ Նա նաև կոչ արեց Ռուսաստանին «Բաժանիր, որ տիրես քաղաքականությունից» հրաժարվել , իսկ Միացյալ Նահանգներին կոչ արեց, որ Արցախի հարցում միջնորդության ժամանակ հաշվի չառնի Թուրքիայի հետ դաշնակցության հարցը»,- նշեց նա։


Առաջին օրը, ըստ Կիրո Մանոյանի, ներքին քննարկում էր, իսկ արդեն երկրորդ օրվա քննարկմանը, որն անց է կացվել Եվրոխորհրդարանի շենքում և որին մասնակցել են ոչ միայն հայեր, այլև եվրոպացի պատգամավորներ։ Համագումարին մասնակցել է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ներկայացուցիչը։


Ներքին քննարկման ժամանակ արծարծվել են Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված խնդիրները, որի ժամանակ շեշտվել է, որ պետք է ճանաչումից անցնել հատուցման խնդիրներին։ «Այդ մասին ասաց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի կենտրոնական խորհրդի ատենապետը, նաև Մեծի Տանն Կիլիկո Արամ Կաթողիկոսը»,-ասաց նա։


Բացի այդ, ըստ բանախոսի՝ նշվել է, որ պետք է ջանքեր գործադրվեն Եվրոպական հայ համայնքի համախմբման համար։ «Արտահայտվեց նաև տեսակետ հատկապես Եվրոպական միջավայրի համախմբման համար, նախ առիթ ստեղծել հայ մտավորականներին համախմբվելու, քննարկելու, թե ինչ ձևի զրույց պետք է առաջ քաշեն Եվրոպայում՝ հաշվի առնելով Եվրոպայում առկա կարճ հիշողության քաղաքականությունը, ովքեր ճիգեր են գործադրում խուսափելու Հայոց ցեղասպանությունից»,- ասաց նա։


Ըստ նրա ՝քննարկվել է նաև Եվրոպայում հայ համայնքների վիճակը։ «Եվրոպական երեսուն երկրներում ունենք համայնքներ, որ երկու ձևով ներկայացրեցինք, մեկը հին սփյուռքը և վերջին 20-25 տարիների ձևավորված սփյուռքը։ Այս հարցի մասին որոշվեց առանձին խորհրդաժողով անցկացնել, քննարկել, թե համայնքները զարգացնելու ինչ մոդել պետք է որդեգրվի, հաշվի առնելով այն, որ Եվրոպայում այդ ձևով համայնքներ պահելու քաղաքական մշակույթ գրեթե չկա»,- ասաց նա։


Կիրո Մանոյանի տեղեկացմամբ՝ նաև քննարկվել է թուրք-ադրբեջանական լոբբիստական աշխատանքները և դրանց հակադարձելու հնարավորությունները։ Շեշտվել է, որ անհարժեշտ է հնարավորության դեպքում համագործակցել հայկական բոլոր կազմակերպությունների հետ։


Զեկույցներ են եղել, որոնք վերաբերել են սիրիահայերի հարցին, նրանց կարիքներին՝ հատկապես ֆինանսական, նաև բարձրաձայնվել է Ջավախքի խնդիրները, որի համակարգող խորհրդի ներկայացուցիչը զեկուցել է Ջավախքի վիճակի մասին։


Արդեն եվրոպական ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկմանը, Կիրո Մանոյանի խոսքով՝ քննարկման է դրվել հիմնական երկու թեմա՝ «Ցեղասպանություն և միջազգային իրավունք», որի ժամանակ նշվել է, որ Ցեղասպանություն ճանաչումը ինքնանպատակ չէ, պետք է խոսել նաև հատուցման մասին։ Երկրորդ թեման, նրա խոսքով, ԵՄ հետ հարաբերութուններն են եղել, հատկապես Հայաստանի հետ, բայց նաև տարածարջան-ԵՄ հարաբերությունները և այդ շրջանում Արցախի հարցի կարգավորումը։


«Հայերն իրենց հիասթափություն են Հայտնել ԵՄ-ի հարցում՝ նշելով, որ վերջինս բավարար չափով չի աջակցել Հայաստանին՝ էներգետիկ, տնտեսական ու անվտանգության հարցերում»,-ասաց նա։


Վերջում Կիրո Մանոյանը հիշեցրեց, որ համագումարն առաջին անգամ անց է կացվել 2004թ-ին, իսկ երկրորդը 2007թ-ին։