Pussy Riot-ի մի մասնակիցը կտեղափոխվի նոր գաղութ և կշարունակի հացադուլը, իսկ մյուսը կսատարի նրան՝ հրաժարվելով իր պատժի մեղմումից

16:46 • 18.10.13

Pussy Riot սկանդալային պանկ խմբի անդամներից Նադեժդա Տոլոկոննիկովային կտեղափոխեն նոր գաղութ, հայտնում է BBC-ն՝ նշելով, որ նոր հաստատության անունը չի հրապարակվում: Դա տեղի է ունեցել Ռուսաստանում մարդու իրավունքների գծով լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինի հետ բանակցություններից հետո:

 

Իր հասցեին ստացած սպառնալիքներից և մորդովական գաղութի ներքին կյանքի մասին բացահայտումներ անելուց հետո հացադուլ անող Տոլոկոննիկովան հայտնվել էր հիվանդանոցում: Այժմ նա վճռական է շարունակել հացադուլը նաև նոր գաղութում:

 

Միաժամանակ խմբի մյուս դատապարտված անդամ Մարիա Ալյոխինան, որը դիմել էր իր պատժամիջոցը մեղմելու միջնորդությամբ, հրաժարվել է դրանից՝ իր համերաշխությունը հայտնելով վտանգված գործընկերուհի Տոլոկոննիկովային:

Ալյոխինան ասել է, որ ինքը բարոյական իրավունք չունի զբաղվել իր պատժի մեղմման գործերով, քանի դեռ իր ընկերուհին բանտում է, որտեղ սարսափելի բաներ են կատարվում:

 

Տոլոկոննիկովան հացադուլ է անում սեպտեմբերի 23-ից, իսկ Ալյոխինան համաներումով ազատվելու հնարավորություն ուներ՝ որպես անչափահաս երեխայի մայր: