Թուրքիան հերքել է Իրանին Իսրայելի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ փոխանցելու լուրը

10:29 • 18.10.13

Թուրքիայի իշխանությունները հերքել են ամերիկյան Washinghton Post պարբերականի տարածած այն լուրը, ըստ որի՝ Անկարան Թեհրանին է փոխանցել հրեական «Մոսադի» հետ համագործակցող իրանցիների մասին տեղեկություններ, տեղեկացնում է Al Arabiya-ն։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, ամերիկյան պարբերականի թղթակից Դևիդ Իգնատիուսը պնդում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունն անցած տարի իրանական հետախուզությանն է փոխանցել 10 իրանցիների վերաբերյալ տվյալներ, որոնք Թուրքիայում հանդիպել են «Մոսադի» ներկայացուցիչների հետ։

 

Սակայն երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ «բոլոր պնդումներն անհիմն են»։

«Թուրքական հետախուզության ղեկավարն ու մյուս գործակալները զեկուցում են միայն թուրքական կառավարությանն ու խորհրդարանին»,-հավելել է նախարարը։
 

Washinghton Post-ը նշում է, որ արտահոսքի հետևանքով  իսրայելական հետախուզական ծառայությունների կրած վնասը հսկայական է։ 

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունները վատացել են  2010թ. Գազայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, երբ իսրայելական բանակը շրջափակել էր հատվածը։ Դա պատասխանն է եղել այն բանի, որ պաղեստինցիների համար մարդասիրական օգնությամբ բեռնված թուրքական նավերը փորձել են մուտք գործել Գազա։ Այդ ժամանակ իսրայելական հատուկ ջոկատը գրավել է թուրքական նավերը՝ դառնալով 9 թուրքի մահվան պատճառ։