ԱՄՆ-ն կոչ է արել վերացնել շրջափակումը, ինչի հետևանքով Դամասկոսի արվարձանները սովի են մատնվել

11:05 • 19.10.13

ԱՄՆ իշխանությունները դատապարտել են Դամասկոսի արվարձանների շրջափակումը կառավարական զորքերի կողմից և կոչ արել Սիրիայի իշխանություններին բացել այդ շրջանները՝ հումանիտար օգնության համար, տեղեկացնում է Lenta.ru-ն։

 

Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին։

 

Նա պնդել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի նստավայրից մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շրջաններում պաշարման հետևանքով երեխաները մահանում են սովից։

 

Այն փաստը, որ սահմանափակ թվով բնակիչների թույլ են տվել լքել շրջափակված տարածքները, չի արդարացնում կառավարության գործողությունները, քանի որ հազարավոր մարդիկ դեռևս պաշարման մեջ են և սննդամթերքի, ջրի և դեղորայքի կարիք ունեն։

 

BBC News-ը գրում է, որ Դամասկոսի առնվազն 3 արվարձան՝ Յարմուքը, Արևելյան Ղուտան և Մուդամիան, արդեն մի քանի ամիս մնում են կառավարական զորքերի շրջափակման տակ։

 

Մի քանի օր առաջ մուսուլման հոգևորականները որոշում են կայացրել, որ տեղի բնակիչներին թույլատրվում է «ոչ մաքուր» համարվող կենդանիների՝ կատուների, շների և ավանակների միս ուտել՝ սովամահությունից խուսափելու համար։

 

Քաղաքականություն