Հ. Հարությունյանին մոռացե՞լ են. հարազատները չեն կարող ասել, ՄԻՊ-ը անգործ նստած չէ, իսկ ԱԳՆ-ում դիվանագետներ են, ոչ թե շոումեններ
Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի համար մեղադրվող Հրաչյա Հարությունյանի հարազատները դժվարանում են պատասխանել, թե ըստ իրենց՝ բավարա՞ր է արդյոք Հարությունյանի նկատմամբ տարվող պետական աջակցությունը։
Հրաչյա Հարությունյանի աղջիկը՝ Լիլիթ Հարությունյանը հարցից հետո երկար դադար տվեց, հետո պատասխանեց. «Չգիտեմ, չեմ կարող ասել»։ Նա ամեն դեպքում հույս հայտնեց, որ ինչ-որ աշխատանքներ այդուհանդերձ տարվում են, ինչի մասին իրենք գուցե տեղյակ չեն։ «Դե կոնկրետ տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ, որ տարվում են»,- ասաց նա։
Թե ի՞նչ փուլում է գործը նա դրա մասին էլ քիչ բան գիտեր, միայն տեղեկացել էր, որ պետք է սպասեն դեկտեմբերի 14-ին նշանակված դատին, եթե, իհարկե, այն կրկին չհետաձգվի։
Լիլիթ Հարությունյանը նշեց, որ հորը շաբաթվա սկզբին հիվանդանոցից տեղափոխել են բանտախուց և տեղեկացրել, որ նրա հետ ամեն ինչ նորմալ է։
Հրաչյա Հարությունյանի քույրը՝ Սեդա Հարությունյանը, Tert.am-ին ասաց, որ պետական մակարդակով քայլեր դեռևս չեն արվում, և սպասում են դատին։ «Չէ, դեռ ոչինչ չեն անում, չգիտենք էլի, դե դատը կլինի նոր, ասում են՝ բնական է, դատը կլինի, նոր կփորձենք բերել (Հայաստանում պատիժը կրելու)»,- ասաց նա։
Մարդու իրավունքների պաշտպանի՝ ազատազրկվածների հարցերով խորհրդական Երանուհի Թումանյանցը վստահեցրեց, որ հարցը կոնկրետ ՄԻՊ-ը մոռացության չի տվել։ «ՀՀ պետական մարմինների համար չեմ կարող ասել, բայց ՄԻ պաշտպանը ինչպես միշտ ուշադրության կենտրոնում է պահել այս գործը և հիմա էլ շարունակում է պահել։ Կապի մեջ է փաստաբանի և ընտանիքի հետ և ամեն մի նորություն, շարժ տեղեկացվում է ընտանիքին, և եթե ինչ-որ տեղեկություն կա ընտանիքի մոտ, մեր միջոցով այդ ամբողջ հարցերը լուծվում են»,- ասաց նա և տեղեկացրեց, որ գործը դեռևս նախաքննական փուլում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և որպես արդյունք սպասում են փորձաքննության եզրակացությանը։
Նա նշեց, թե քանի որ Հրաչյա Հարությունյանի առողջությունն արդեն ավելի լավ վիճակում է, նրան կրկին տեղափոխել են Բուտիրկա կալանավայր։ «Այս պահին կալանավայրում է, ինչի մասին ընտանիքին տեղեկացվել է շաբաթվա սկզբում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է հայրենիքում պատիժը կրելու հնարավորությանը՝ Երանուհի Թումանյանցը նշեց, որ դրա մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ կլինի դատական ակտ և պատիժը կմտնի օրինական ուժի մեջ։
«Հիմա Հայաստան բերելու մասին խոսք չի կարող գնալ, որովհետև ամբողջ քննչական գործողությունները պետք է կատարվեն այնտեղ, սկսած մի շարք փորձաքննություններից, ավարտված որոշակի ցուցմունքներ վերցնելով։ Բնականաբար չեն կարող բերել այստեղ, բայց այնտեղ կկատարվեն քննչական ցուցմունքները։ Այլ բան է, որ լինի ակտ, այդ պարագայում հնարավոր կլինի խոսել Հրաչյա Հարությունյանին Հայաստան բերելու մասին, այդ ընթացակարգերի իրականացման համար, որը ենթադրվում է, որ կիրականացնենք Արդարադատության նախարարության հետ համատեղ»,- նշեց նա։
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը անհրաժեշտ չհամարեց Tert.am-ին մանրամասնել, թե իրականում իրենք ինչ աշխատանքներ են տանում։ «Դեսպանության և Արտաքին գործերի նախարարության աշխատանքները հիմնական մասով հրապարակման ենթակա չեն, մենք դիվանագետներ ենք ոչ թե շոումեններ»,- նշեց նա։
Ինչ վերաբերվում է Ռուսաստանում Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովի ձերբակալությանը հաջորդած ադրբեջանական պաշտոնյանների արձագանքներին և դրա համեմատությունը Հրաչյա Հարությունյանի գործում ՀՀ-ի անգործության հետ, ապա Տիգրան Բալայանը պատասխանեց. «Համեմատությունների մասին մեկնաբանություն չեմ տալիս, խնդրում ենք դատել արդյունքներով։ Արտաքին գործերի նախարարությունը, Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ներգրավված են եղել գործում տարբեր մակարդակներում, և տարբեր ուղղություններով հանդիպումներ են ունեցել, և որի արդյունքներն արդեն տեսանելի են»,-եզրափակեց նա։










