Նապոլեոնի հանրահայտ պարտությունը 200 տարի անց վերարտադրվել է Գերմանիայում (լուսանկարներ)
Աշխարհի 24 երկրից պատմության հազարավոր սիրահարներ հավաքվել են գերմանական Լայպցիգում ու 200 տարի անց վերարտադրել հանրահայտ Լայպցիգի կամ ինչպես հաճախ ասում են՝ «Ազգերի ճակատամարտը», որում Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի զորքերը պարտության են մատնվել։

Ինչպես նշում է Daily Mail-ը, այս յուրահատուկ տեսարանը դիտելու համար հավաքվել է 30 հազար մարդ։

Ընդհանուր առմամբ, նապոլեոնական հեգեմոնիայի շրջանի համար ճակատագրական ելք ունեցած «ճակատամարտին» մասնակցել է 6 հազար մարդ՝ 19-րդ դարին հատուկ զինվորական կոստյումներով։

1813թ. հոկտեմբերին տեղի ունեցած Լայպցիգի ճակատամարտը նախքան Առաջին աշխարհամարտը եղել է Եվրոպայում տեղի ունեցած ամենախոշոր մարտը, որին մասնակցել է կես միլիոն զինվոր՝ կոալիցիայի մեջ մտած Ռուսաստանից, Պրուսիայից, Ավստրիայից, Շվեդիայից ու Անգլիայից, որոնք պայքարել են ընդդեմ ֆրանսիական բանակի։

Զոհվել է 90 հազար մարդ, իսկ Եվրոպայում Նապոլեոնի գերիշխանությանը վերջ է դրվել։





















