Նիդեռլանդների համալսարանի թուրք ռեկտորը Գեզի այգու դեպքերի համար մեղադրել է հարբեցողներին, հայերին և ալևիներին
Ռոտերդամի իսլամական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ահմեթ Աքգյունդուզը հայտարարել է, թե Ստամբուլի Գեզի պուրակի խնդիրն անհավատների, հարբեցողների, հայերի գործն է, գրում է թուրքական «Ռադիկալը»։
«Կառավարության հետ բանակցելու նպատակով ստեղծված հանձնաժողովին եթե նայեք, կհասկանաք՝ մզկիթի թշնամի ճարտարապետներ, կոմունիստներ, ալևիների անունն օգտագործող անհավատներ։ Կարճ ասած՝ թուրք և մուսուլման չեղած ընտանիքների երեխաներ»,-հայտարարել է պրոֆեսորը։
Նրա այս տեսակետը տեղ է գտել նիդեռլանդական մամուլում, ինչից հետո խորհրդարանի մի շարք խմբակցությունների կողմից խիստ քննադատության է արժանացել։
Նիդեռլանդների փոխվարչապետ Լոդևիկ Աշերը նշել է, որ Աքգյունդուզի հայտարարությունները «կուլ տալ» չեն պատրաստվում, և համալսարանը պետք է մեկնաբանի նրա խոսքերը, հակառակ դեպքում լուրջ խնդիրներ կունենա։
Հիշեցնենք, որ Գեզի պուրակի դեպքերը սկսվել էին մայիսին։ Կառավարության որոշումը՝ Գեզի պուրակում ծառահատումներ իրականացնելու վերաբերյալ, փողոց էր հանել հազարավոր քաղաքացիների։ Կարճ ժամանակ անց ցույցեր էին սկսվել նաև Թուրքիայի այլ քաղաքներում և վերաճել հակակառավարական զանգվածային ակցիաների։
Ոստիկանության հետ բախումների ընթացքում՝ 2013թ.-ի մայիս-հունիս ամիսներին, զոհվել է 4 մարդ, վիրավորվել մոտ 7.500-ը։
Հուլիսի 3-ին թուրքական դատարանն արգելել էր պուրակի ծառահատումները և դրա փոխարեն առևտրի կենտրոնի կառուցումը։










