Քենեդու եղբայրը գողացել է նրա ուղեղը՝ նախագահի հիվանդությունը թաքցնելու համար. Daily Mail

16:19 • 21.10.13

Ամերիկացի գրող Ջեյմս Սվենսոնն իր նոր գրքում պնդում է, որ ԱՄՆ-ի ամենաճանաչված նախագահներից մեկի՝ Ջոն Քենեդու ողբերգական սպանությանը հաջորդած դիահերձումից հետո նրա ուղեղի մնացորդները գողացել է վերջինիս եղբայրը՝ Ռոբերտ Քենեդին։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, ուղիղ կես դար առաջ Լի Հարվի Օսվալդը Դալասում սպանել է նախագահին, ինչից հետո նրա դին տեղափոխվել է Վաշինգտոն ու ռազմական հոսպիտալում դիահերձման ենթարկվել։ 

 

Նրա ուղեղը տեղադրվել է պողպատյա տարայի մեջ ու տեղափոխվել  Ազգային արխիվ՝ գտնվելով գաղտնի ծառայությունների հսկողության ներքո։ Սակայն 1966թ. պարզվել է, որ ուղեղի մնացորդներն անհետացել են և այդպես էլ չեն վերադարձվել։

 

Հեղինակն այս թեմայով հետաքննություն է անցկացրել, ինչի արդյունքում պարզել է, որ ուղեղը գողացել է նախագահի եղբայրը՝ Ջոն Քենեդու քարտուղարի անմիջական օգնությամբ։

 

«Իմ կարծիքով՝ Ռոբերտը դիմել է այդ քայլին, որպեսզի թաքցնի Ջոնի ունեցած մահացու լուրջ հիվանդության հետքերը, ինչպես նաև քողարկի այն հանգամանքը, որ նախագահության ողջ ընթացքում Քենեդին մեծ թվով արգելված դեղամիջոցներ է օգտագործել»,-նշել է հեղինակը՝ մանրամասնելով, որ նախագահը հասուն տարիքից տառապել է Ադիսոնի հիվանդությամբ (Մակերիկամների կեղևի առաջնային քրոնիկական անբավարարություն)։