Կարո՞ղ է՝ ՀՀ-ն իր ինքնիշխանությունը կորցրել է, չեք ասում, որ տրամադրություններս չընկնի. Ն. Փաշինյանը` Հ. Աբրահամյանին
ԱԺ նիստին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին կրկին վերաբերում էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ Մեղրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած միջադեպին:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որ նախորդ քառօրյայի սկզբում ինքը հարցրել էր, թե ինչ իրավունքով են ռուս սահմանապահները խախտել «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի իրավունքները՝ մեջբերելով Մեղրիից Երևան վերադառնալու ճանապարհին Զարուհի Փոստանջյանի և ՌԴ-ի անվտանգության՝ ФСБ-ի աշխատակիցների միջև տեղի ունեցածը:
Փաշինյանին հետաքրքրում էր Հովիկ Աբրահամյանի դիրքորոշումը, ով այն ժամանակ նշել էր, թե գրություն է ստացել ռուս սահմանապահների ղեկավարից և դիրքորոշում կարտահայտի նամակն ընթերցելուց հետո, սակայն այդպես էլ չէր արտահայտել:
Փաշինյանը նշեց, որ նույն հարցով դիմում էր գրել ԱԱԾ պետին, ով խորհուրդ է տվել դիմել ԱԺ նախագահին: «ԱԱԾ տնօրենն իր գործունեության հիմնական մասը նվիրում է կառավարության շենքի մոտ քաղաքացիների վրա հարձակվելու ու նրանց վիրավորելու գործին»,-նշեց ՀԱԿ պատգամավորը:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ինքն այդ նամակը քննարկել է խմբակցությունների հետ և կարող է տրամադրել յուրաքանչյուրին:
Փաշինյանին պատասխանը չբավարարեց և նա հարցը կրկնեց արդեն մտքերի փոխանակության ժամանակ։ Նա պնդեց՝պատասխանել իր հարցին և ասել՝ իրավակա՞ն է արդյոք այդ քայլը, թե՞ոչ: «Էլի խնդիրը ոչ թե միջադեպի մանրամասների մասին է, այլ զուտ գործողությունների իրավական հիմնավորումների»,-նշեց նա: ԱԺ նախագահը պատասխանեց, թե նամակը կտրամադրի Փաշինյանին:
Իսկ երբ պատգամավորը՝ օգտվելով ԱԺ կանոնակարգ օրենքից, հարցը հնչեցրեց արդեն երրորդ անգամ, ընդգծելով, թե պատասխաններն իրեն հայտնի պիեսն են հուշում. «Կարո՞ղ է՝ Հայաստանն իր ինքնիշխանությունը կորցրել է, չեք ասում, որ տրամադրություններս չընկնի»։
Հովիկ Աբրահամյանը ծիծաղելով պատասխանեց. «Պարոն Փաշինյան, մի բանը մի անգամ են ասում՝ նույն բանը ուզում եք հարյուր անգամ ասե՞մ։ Ես Ձեր մասին շատ լավ կարծիք ունեմ, որ ամեն ինչ ընկալում եք: Օրենքը չի խախտվել՝ իմ կարծիքով, եթե Ձեր տեսակետն այլ լինի նամակն ընթերցելուց հետո, կքննարկենք,- ասաց նա,-բավարարվա՞ծ եք»:
Հովիկ Աբրահամյանի հարցին հնչեց բացասական պատասխան, ինչին ԱԺ նախագահն արձագանքեց. «Դե դուք ընդհանրապես ե՞րբ եք բավարարվում»:










