«Երևան սիթիի» մոտ բողոքող ակտիվիստների վրա ոստիկանների աչքի առաջ ձվեր են նետել. Նախախորհրդարան (տեսանյութ)
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի հարևանությամբ՝ Բագրատունյաց պողոտայի մայթի վրա հոկտեմբերի 19–ին 16:00-17:00 սահմաններում ակցիա կատարող «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման մասնակիցների ուղղությամբ հարևան շենքի պատուհանից նետել են ձվեր` կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործություն (խուլիգանություն, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով):
Ինչպես տեղեկանում ենք Նախախորհրդարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, այս ամենը տեղի է ունեցել ոստիկանության աշխատակիցների աչքի առաջ, սակայն ոչ մի գործողություն չի իրականացվել մեղավորներին հայտնաբերելու համար:










