Հովիկ Աբրահամյանն առաջարկել է, որ պատվիրակությունների ձևավորման ընթացքում գործի այլընտրանքի սկզբունքը
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր տեղի ունեցավ խորհրդարանում ներկայացված խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն, որում քննարկվեց տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ազգային պատվիրակությունների ձևավորման նոր կարգը:
Tert.am-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահն առաջարկել է, որ պատվիրակությունների ձևավորման կարգում գործի այսպես կոչված՝ այլընտրանքի սկզբունքը: Օրինակ՝ եթե «Հանրապետական» խմբակցությունն առաջարկում է հինգ անդամի թեկնածու, ապա առաջարկի ևս հինգի ցուցակ, որից ԱԺ նախագահը, որն ունի պատվիրակությունները ձևավորելու իրավասությունը, ունենա այդ տասը հոգանոց ցուցակից ընտրելու հնարավորություն:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Համաձայն ԱԺ կանոնակարգի մասին օրենքի՝ պատվիրակության ձևավորումը պետք է կարգավորվի, մինչև այժմ նման կարգ չի եղել: Հիմա գրավոր կարգ է առաջարկել, մենք մեր դիտողությունները արել ենք: Եվ կոնկրետ մեր ֆրակցիայի հիմնական դիտողությունն այն էր, որ բացառվի իշխանությունների կամ ԱԺ նախագահի կողմից որևէ սուբյեկտիվիզմ պատվիրակությունների ձևավորման հարցում»:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ի պատասխան հարցի, թե հետայսու ի՞նչ կարգ է գործելու, ասաց. «Դեռ քննարկվում է: Մեծ փաթեթ է, կանոնակարգային կետեր են: ԱԺ նախագահը պետք է սահմանի պատվիրակությունների ձևավորման կարգը: Եղել են բազմաթիվ առաջարկներ»:
Tert.am-ի հետ զրույցում «Հանրապետական» խմբակցության ղեկավարը ևս անորոշ պատասխաններ տվեց՝ նշելով, որ նիստի կեսից չի մասնակցել: Ինչ վերաբերում է պատվիրակությունները Դոնթի սկզբունքով ձևավորելուն, ըստ Գալուստ Սահակյանի՝ նման առաջարկ ևս եղել է:
«Ժառանգություն» խմբակցությունից էլ նիստին մասնակցող Զարուհի Փոստանջյանը, ով շտապում էր, նշեց, որ առաջարկված նոր կանոնակարգն են քննարկել:
Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում լրագրողներից էր տեղեկացել, որ Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է խմբակցության ղեկավարի պաշտոնից և ավելացրեց, որ չի ցանկանում ղեկավարել խմբակցությունը:










