Բրունեյի սուլթանն օրինականացրել է քարկոծումը և ձեռք կտրելը

15:34 • 22.10.13

Բրունեյի սուլթան Հասանալ Բոլկիահը հայտարարել է երկրի քրեական օրենսդրությունում կատարված նորամուծության մասին, որը հիմնված է շարիաթի օրենքների վրա, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։

 

Օրենքը պաշտոնապես հրապարակվել է և ուժի մեջ կմտնի 6 ամիս անց։ Որոշ նոր դրույթներ նույնպես կներմուծվեն։ 67-ամյա սուլթանը շարիաթի նորմերն անվանել է Ալլահի «հատուկ ցուցումներ», որոնք անհրաժեշտ են արդարություն հաստատելու համար։

 

Նոր պատիժների թվում կլինի քարկոծումը՝ դավաճանության համար, վերջույթներ կտրելը՝ գողության համար, ճիպոտահարումն այնպիսի խախտումների համար, ինչպես աբորտը և ալկոհոլի օգտագործումը։ Շարիաթի նորմերը կվերաբերեն միայն մուսուլմաններին, որոնք կազմում են երկրի բնակչության 70%-ը։