Օլանդը գաղտնալսման թեմայով զրուցել է Օբամայի հետ, խոր դժգոհություն հայտնել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ֆրանսիացիների գաղտնալսման թեմայով հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ, ինչի ընթացքում Օլանդն իր խոր դժգոհությունն է հայտնել։
Ինչպես նշում է Al Arabiya-ն՝ Agence France Presse գործակալությանը հղումով, Օլանդն ընդգծել է, որ «2 դաշնակիցների ու ընկերների միջև նման բաներ չպետք է տեղի ունենան, քանի որ դրանք խախտում են ֆրանսիացիների անձնական կյանքի իրավունքները»։
Հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ 2 ղեկավարները համաձայնել են համագործակցել ու պարզել գաղտնալսման գործով բոլոր մանրամասները։
Հիշեցնենք, որ օրերս բացահայտվել է, որ ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունները գաղտնալսել են միլիոնավոր ֆրանսիացիների հեռախոսազանգերը։ Այս կապակցությամբ Ֆրանսիայի արտգործնախարարը կանչել է Փարիզում ԱՄՆ-ի դեսպանին՝ բացատրություններ ստանալու նպատակով։










