Քուրդ զինյալները սպառնում են նորից հարձակումներ սկսել Թուրքիայում
Սիրիայում ընթացող պայքարի ուժգնացման ֆոնին Թուրքիայից հեռացած քուրդ զինյալները սպառնում են նոր հարձակման անցնել այդ երկրում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով քրդերի քաղաքական թևի ղեկավարի հայտարարությունը:
Ըստ աղբյուրի՝ նրանք պատրաստ են վերստին Թուրքիա մտնել Իրաքի հյուսիսից: Իսկ նման պատրաստակամության պատճառն այն է, որ ըստ քրդերի՝ Թուրքիան սատարում է Սիրիայում քրդերի դեմ իսլամիստ ապստամբների պայքարին: Պաշտոնական Անկարան սա հերքում է:
Աղբյուրի գնահատմամբ, առհասարակ Սիրիայի քաղաքացիական պատերազմը բարդացրել է քրդերի հետ խաղաղության հասնելու Թուրքիայի ջանքերը:
Վերջին երեք տասնամյակում թուրք-քրդական բախումների հետևաքով ավելի քան 40 հազար մարդ է զոհվել: Այս տարվա մարտին Թուրքիայի և քրդերի միջև զինադադար էր հաստատվել:










