Ելակի որակյալ բերք ստանալու նպատակով Հայաստանում կիրառում են արաբական մեթոդը

14:07 • 22.10.13

Հողից 70-80 սմ բարձրության վրա դարակների մեջ ելակ, մոշ և ազնվամորի աճեցնելու մեթոդը Արաբական Միացյալ Էմիրատներից Հայաստան է բերել տեխնոլոգ Ջորջ Ղադիմին:
 

Իրանից Հայաստան եկած տեխնոլոգը այս մեթոդը կիրառության մեջ է դրել հայ-հոլանդական համատեղ «Բիգա» ձեռնարկությունում, որը գտնվում է Կոտայքի մարզում:


Այսօր այստեղ էր այցելեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ծանոթանալու իրականացված աշխատանքներին և հետագա ծրագրերին:


Լրագրողների հետ զրույց Ջորջ Ղադիմին բացատրեց, որ այս մեթոդի շնորհիվ մեծ քանակությամբ ջրի խնայողություն է արվում:


«Ջուրը և պարարտանյութերը փակ ցիկլի մեջ է, որի ավելցուկը լցվում է փակ խողովակների մեջ, որից հետո այդ նույն ջրով ջրում ենք կրկին: Դա ամենաառաջավոր մեթոդներից է»,– բացատրեց նա:


Ըստ նրա՝ մյուս կարևորությունն այն է, որ ծաղկամանները հողից բարձր են, և աշխատողները չեն կռանում բույս խնամելու կամ բերքահավաքի համար։


«Բերքը գետնից բարձր լինելով մոլախոտերից ու միջատներից հեռու է մնում: Իսկ դա հնարավորություն է տալիս, որ հակասնկային միջոցներ քիչ սրսկենք կամ բնավ չսրսկենք»,-ասաց նա:


Ընկերության համասեփականատեր Սամվել Պետրոսյանը նշեց, որ այս երեք հատապտուղների աճեցումը կատարվում է 10 հա հողատարածքի վրա: Նա տեղեկացրեց, որ Հայաստան են ներմուծել Հայաստանում դեռևս գոյություն չունեցող կեռասենու սորտեր, որոնք պատրաստվում են տնկել գարնանը:


«Կառուցել ենք նաև պոմիդորի փորձնական ջերմոց, փորձել ենք կառուցման ծախսերը առավելագույնս նվազեցնել: Բայց մի քանի առանձնահատկություններ ունի ջերմոցը: Հովացման համակարգն է, որը հնարավորություն կտա ջերմոցը օգտագործել նաև ամռանը: Հողի հետ այստեղ խառնած է աղացած կոկոս, որը լավ մթերք ստանալու հնարավորություն է տալիս»,- ասաց նա:


Ծրագրով իրականացվող ներդրումները կազմում են 3.5 մլն դոլար: Ընկերությունում աշխատում է 73 մարդ, որոնք հիմնականում Ակունք և շրջակա գյուղերի բնակիչներն են: