Վարդան Պետրոսյանը վերակենդանացման բաժանմունքից վաղը կտեղափոխվի հիվանդասենյակ

15:51 • 22.10.13

Երևան–Եղվարդ ավտոճանապարհին երեկ վթարի ենթարկված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, ով այժմ գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ երեկ երեկոյան նա վիրահատվել էր, վաղն արդեն կտեղափոխվի հիվանդասենյակ: Այս մասին Tert.am-ին հայտնեց բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

«Վիճակը ստաբիլ է դրական դինամիկայով, նա այսօր նույնպես կմնա վերակենդանացման բաժանմունքում և վաղը կտեղափոխվի պալատ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ վերակենդանացման բաժանմունքում այցելությունները բավական սահմանափակ են, և միայն հիվանդի հարազատներն են ներս մտնում: