Բերդ–Իջևան ավտոճանապարհի միջադեպի առթիվ ԵՊՀ Ուսանողական խորհուրդը բողոքի ցույց էր կազմակերպել ԵԱՀԿ-ի դիմաց (տեսանյութ)
Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ այսօր Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ցույց անցկացրեցին՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի գործողությունները սեպտեմբերի 22-ին Բերդ-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած միջադեպի առթիվ:
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Րաֆֆի Քարամյանն ընթերցեց ուսանողների անունից գրված նամակը, որը հետո հանձնեց ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցչին: Նամակում մասնավորապես գրված էր. «Միջազգային կառույցների կողմից Ադրբեջանի ագրեսիայի անտեսման արդյունքը ևս մեկ հայ զինվորի մահվան առիթ դարձավ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ մենք դատապարտում ենք ադրբեջանական իշխանությունների հերթական սադրանքը և ԵԱՀԿ-ի անհասկանալի լռությունը: Մենք՝ ուսանողներս, շարունակելու ենք պահանջել, որպեսզի դատապարտվի Ադրբեջանի գործողությունները: ԵՊՀ ուսանողը պատրաստ է վայր դնել գրիչը և մեկնել հայրենիքը պաշտպանելու»:
Լրագրողների հետ զրույցում ՈՒԽ նախագահն ասաց, որ իրենց նպատակն է, որ ադրբեջանական ուժերը վերջ տան հրադադարի խախտման դեպքերին: «Մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, դեմ ենք նմանատիպ գործողություններին և պահանջում ենք ԵԱՀԿ-ից քայլեր ձեռնարկել այդ հարցերին լուծում տալու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ գրասենյակից իրենց խոստացան նամակը հանձնել ԵԱՀԿ-ի գլխավոր գրասենյակ:










