Վրաստանում «դեկրետ» կուղարկվեն նաև տղամարդիկ

14:36 • 23.10.13

Վրաստանի իշխանություններն առաջարկում են Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն մտցնել, ինչը տղամարդկանց հնարավորություն կտա հղիության և ծննդաբերության արձակուրդի գնալ՝ ընտանիքում երեխայի ծնվելու դեպքում։

 

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, այդ մասին տեղեկացրել է արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին։


«Մեզ առաջարկվել է Վրաստանի համար նոր բան. երեխայի ծնվելուց հետո ծնողներն իրենք են ընտրելու, թե ով կգնա հղիության և ծննդաբերության արձակուրդ, ում արձակուրդ գնալն ավելի քիչ ֆինանսական վնաս կհասցնի»,-ասել է նա։
 

Նախարարն ընդգծել է, որ խոսքը դեռևս առաջարկության մասին է, որը մինչև խորհրդարան հասնելը պետք է քննարկման դրվի տեղական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչների հետ։

 

Սեպտեմբերի կեսին վրացական խորհրդարան է ներկայացվել «դեկրետի» ժամկետի ավելացման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը։ Համաձայն այդ օրինագծի՝ այն պետք է կազմի 730 օրացուցային օր՝ 477 օրվա փոխարեն։ Նաև 126-ից 183-ի է հասցվել վճարվող արձակուրդի օրերի թիվը։