Ֆրանսիան իմ տունն եմ համարում. այդ երկրում բողոքի ալիքի պատճառ դարձած Խաչիկ Խաչատրյանը հարցազրույց է տվել
Gazeta.ru-ն հարցազրույց է ներկայացրել հայ ուսանող Խաչիկ Խաչատրյանի հետ, որին Ֆրանսիայից արտաքսելուց հետո այնտեղ «ուսանողների ապստամբություն» էր տեղի ունեցել. իրենց դասընկերների արտաքսման պատճառով փողոց էին դուրս եկել ֆրանսիական ուսումնական հաստատությունների 10 հազար սաներ: Աշխատանքն էր դադարեցրել 20 դպրոց:
Արդեն մի քանի օր շարունակվող ցույցերի պահանջն է վերադարձնել գնչուհի Լեոնարդա Դիբրանիին և հայ Խաչիկ Խաչատրյանին:
Այգավան գյուղի նախկին բնակիչ 18-ամյա Խաչիկն արդեն Հայաստանում է, բուժզննում է անցնում, որպեսզի ծառայի Հայաստանի բանակում:
Խաչիկը պատմել է, որ ընտանիքի հետ արդեն 3 տարի է ապրում է Ֆրանսիայում, փաստաթղթեր չունի, Հայաստանի կողմից էլ որոնվել է ծառայությունից խուսափելու համար: Փարիզում, սա պարզելով, կապկպել են նրա ձեռքերն ու ոտքերը և ուղարկել Հայաստան: Այստեղ նա մի քանի օր մնացել է Վեդիի զինկոմիսարիատում, մինչև նրան թողել են մնալ տատի և պապի մոտ: Ծնողներին չեն արտաքսել:
Նա հերքել է լուրերը, թե բռնվել է գողությունից հետո:
Նա ասել է նաև, որ Ֆրանսիայից իր ընկերները շարունակ զանգում են, ասում, որ ցույցերը կշարունակվեն այնքան, մինչև Ֆրանսիան վերանայի իր քայլը: Ըստ այդմ՝ Փարիզի քաղաքապետը պատրաստ է հետ ընդունել նրան: Ըստ Խաչիկի՝ իր և գնչուհու դեպքը պարզապես առիթ է, որպեսզի ֆրանսիացիներն իրենց բողոքը հայտնեն նախագահ Օլանդի միգրացիոն քաղաքականության դեմ:
Խաչիկը նշել է, որ չի խուսափում զինծառայությունից և նոյեմբերին կզորակոչվի, սակայն իր տունն է համարում Ֆրանսիան, որտեղ էլ հենց տեսնում է իր ապագան:










