Գործազուրկին 18 000 դրամ նպաստ չեք տալիս, բայց 203%-ով բարձրացնում եք նախագահի աշխատավարձը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

14:20 • 23.10.13

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այսօր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե հանրային քաղաքական էլիտան և նրա ղեկավարությունը՝ Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան նաև մյուս նախարարներն ու պատգամավորները՝ այդ թվում նաև ինքը, որ արժանիքի համար են նման չափով աշխատավարձ ստանալու։


«Մի կատեգորիայի մասին է խոսքը, այսպես ասած, հանրային քաղաքական էլիտայի ներկայացուցիչների մասին, որի մեջ մտնում ենք մենք, դուք, կառավարության անդամները և ձեր ղեկավարությունը։ Ընդհանրապես աշխատավարձի բարձրացման համար երկու պայման կա. եթե միավորը, նրա գործերը հաջողակ են լինում, և կամ գործատուն համարում է, որ պետք է ավելին վճարի, որպեսզի ավելի լավ կատարեն իրենց աշխատանքը»,- նշեց նա և հարցրեց. «Դուք համարո՞ւմ եք, որ Հայաստանի Հանրապետության գործերը ձեր կառավարության գործունեության շրջանում, ԱԺ գործունեության շրջանում, Սերժ Սարգսյանի գործունեության շրջանում լավացե՞լ են»։


Պատգամավորն օրինակ բերեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատավարձը բարձրանալու է 203%-ով դառնալով 1 մլն 322 800 դրամ, վարչապետի աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել 218%ով, 373 540 դրամից՝ դարձնելով 1 մլն 190 520 դրամ, նախարարի աշխատավարձը բարձրանալու է 139%-ով։


«Հիմա երկու կոմպոնենտ կա, առաջինը որ դուք կարծում եք, ՀՀ գործերը այնքան լավ են գնում, որ այդ գործերի հաջողության համար պատասխանատու մարդկանց աշխատավարձը բարձրացնե՞ն, այսինքն՝ մենք, դուք, բոլորով, վաստակե՞լ ենք այդպիսի աշխատավարձերի բարձրացման իրավունքը, և ի՞նչ է վաստակում այդ սուբյեկտը, գործատուն։ Մի քանի պարագայում, իհարկե, աշխատանքային պայմանագիրը կեղծված է, ինչպես Սերժ Սարգսյանի դեպքում, բայց դա թողնենք մի կողմ»,- նշեց նա։


Այնուհետև Նիկոլ Փաշինյանը խոսեց մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների աշխատավարձի բարձրացման մասին, որը քննարկման առիթ էր դարձել։ «Իսկ եթե մեծամասնական պատգամավորը օրերով չի գալիս կամ գալիս «կնոպկա» է սեղմում գնում։ Այդ դեպքի համար ինչի՞ չեք ասում»,- հարցրեց նա։


Վաչե Գաբրիելյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ հասարակության, ժողովրդի կամքը արտահայտում է հենց ԱԺ-ն։ «Թե ժողովուրդը ինչ է մտածում, արտահայտվում է ԱԺ-ում, դրա համար այլ եղանակ, որպես այդպիսին, չգիտեմ։ Գործատուն արդեն իր քվեարկությամբ և փաստարկներով կարտահայտի»,- ասաց նա։


Վաչե Գաբրիելյանը հիշեցրեց, որ աշխատավարձեր են եղել, որոնք տարբեր տարիներին բարձրացվել են, իսկ որոշ աշխատավարձեր երկար ժամանակ սառեցվել են՝ ենթադրելով, որ այդ մարդկանց պետք չէ շատ աշխատավարձ տալ, քանի որ պաշտոնյա են։ Մինչդեռ, ըստ նրա, դրանով կոռուպցիոն ռիսկերն են մեծացրել։


Որպես ամփոփում նա ասաց. «Իմ պատկերացումներով ժողովրդի կամարտահայտումը պետք է արտահայտվի այս դահլիճում»։


Նիկոլ Փաշինյանին դուր եկավ Վաչե Գաբրիելյանի ամփոփումը։ Պատգամավորը պնդեց, որ ժողովրդի կամքը ԱԺ–ում չի արտահայտվում։ 

«Այո՛,  հենց խնդիրն էլ դրանում է, որ այս դահլիճում, վերևի դահլիճում, և ընդհանրապես դահլիճներում ժողովրդի կամարտահայտությունը չի արտահայտվում։ Դրա վառ օրինակն է այն, որ ընդամենը մեկ ժամ առաջ այստեղ քվեարկվեց և ընդունվեց մի օրենքի նախագիծ, որը որոշում է , որ Հայաստանում գործազուրկների նպաստի ինստիտուտը պետք է վերացնել, և այդ 18 000 դրամը պետք չի տալ, հիմա էլ բոլորս լուրջ դեմքով քննարկում ենք Սերժ Սարգսյանի աշխատավարձը 203%ով, Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի աշխատավարձը 218%-ով ավելացնելու մասին հարցը։ Սա ինքնին ցույց է տալիս, թե այս դահլիճում ինչքանով է արտահայտվում ժողովրդի կամքը»,- նշեց նա։


Նիկոլ Փաշինյանն այնուհետև հիշեցրեց, որ դահլիճում «Զբաղվածության մասին» հարցի քննարկմանը պատգամավորներ չկային, մինչդեռ իրենց աշխատավարձի բարձրացման ժամանակ ԱԺ դահլիճը բազմամարդ դարձավ։


Վաչե Գաբրիելյանը կարծիք հայտնեց, թե «Զբաղվածության մասին» օրենքի քննարկումներին, ժողովրդի կամարտահայտությունը կար։ «Ինչ վերբերում է Ձեր հարցին, թե արդյոք արժանացե՞լ է, թե ոչ, ես դժվարանում եմ, ասել, թե պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արժանացե՞լ է այն փաստին, որ իր աշխատավարձը 100%-ով բարձրանա։ Ես ճիշտ չեմ գտնում նման հարցի ձևակերպումը։ Ես ճիշտ եմ գտնում, թե արդյոք այն նոր համակարգը կկանխի կոռուպցիան»,- եզրափակեց նա։