Աղանդավորները լցվում են այնտեղ, որտեղ օրենսդրական դաշտը բաց է. Ալեքսանդր Ամարյան

11:53 • 23.10.13

Հայաստանում կան գրանցված կրոնական կառույցներ, որոնք կապ չունեն կրոնի հետ: Եվ կրոնական կառույցների անվան տակ այսօր արտասահմանը փող լվանալու համար օգտագործում է Հայաստանում այդ դաշտը կարգավորող օրենքի թերությունները: Այսօր կայացած ասուլիսին նման տեսակետ հայտնեց Քայքայիչ աղանդներից տուժածների և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը՝ ընդգծելով, որ աղանդավորները հիմնականում լցվում են այնտեղ, որտեղ օրենսդրական դաշտը բաց է:


«Այսօր հոգևոր դաշտը միայն բիզնես է, շատ շտապ պետք է մշակել օրենք, այսօր կրոնական կառույցների մասին ոչ մի օրենք չկա, միայն դրանք գրանցել թույլատրող օրենք կա, իսկ այդ հարցում օրենքի առկայությունը պարտադիր է, նաև պետք է մասնագետներ պատրաստել»,-ասաց նա:


Վերջինիս խոսքով՝ վտանգավոր են բոլոր կրոնական կառույցները, բացի առաքելական եկեղեցուց:


Անդրադառնալով շոու բիզնեսի ներկայացուցիչների ներգրավվածությանը աղանդներին՝ Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ վերջին շրջանում այդ մասին խոսակցությունների ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ շատերը ցանկանում են դուրս գալ կառույցներից, որոնց մի ժամանակ անդամակցել են: «Դաժե էն, ով կար, հիմա փորձում է դուրս գալ այդ իրավիճակից, իսկ կրոնական կառույցները, տեսնելով, որ դուրս են գալիս, փորձում են ետ կանչել՝ հիշեցնելով, որ տվյալ անձը եղել է այդ կառույցի անդամ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ նմանատիպ կառույցների կազմ կարող են մարդիկ հանգիստ մտնել, բայց դուրս գալը կլինի ճակատագրական: